կարևոր
1165 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-10 20:56

Խուլի զրույց համրի հետ․ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ հանդիպումը

Խուլի զրույց համրի հետ․ Լավրովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ հանդիպումը

Այսօր Մոսկվայում  հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Լիզ Թրասը:  

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այնպիսի զգացողություն կա, որ բրիտանացի գործընկերները կա՛մ չգիտեն, կա՛մ ամբողջությամբ անտեսում են Ուկրաինայի հարցում ռուսական կողմի մանրամասն բացատրությունները: Նա զրույցը որակել է որպես խուլի զրույց համրի հետ.

«Ճիշտն ասած, ես հիասթափված եմ, որ խոսակցությունը մեզ մոտ խուլի զրույց համրի հետ ստացվեց,  կարծես լսում ենք, բայց չենք ընկալում։ Համենայնդեպս, մեր մանրակրկիտ բացատրություններն, ընդհանուր առմամբ, ընկել են անպատրաստ հողի վրա»,- ասել է նա։

Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ ոչ միայն Ռուսաստանի ղեկավարությունն է հերքում Ուկրաինա ենթադրյալ ներխուժման ծրագրերը։ «Այդ հայտարարությունները արվում են ոչ միայն Ռուսաստանի ղեկավարության կողմից, այդ հայտարարություններն արվում են, օրինակ, Պենտագոնում: Նմանատիպ հայտարարություններ անում է Ուկրաինայի պաշտպանության նախարարը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում խուճապի չմատնվել»,- շարունակել է նա։

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինա ՌԴ ներխուժման դեպքում Հյուսիսային հոսք-2-ը չի հանձնվի շահագործման։ «Եթե Ռուսաստանի ներխուժումը լիներ Ուկրաինա, ուկրաինացիները կկռվեին, դա երկար, երկարատև հակամարտություն կլիներ: Ուկրաինայի դաշնակիցները կոշտ պատժամիջոցներ կկիրառեին կոնկրետ կառույցների և անհատների դեմ», – ասել է նա:

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ինքը եկել է Մոսկվա՝ քննարկելու այլ ուղիներ, որոնք Ռուսաստանը կարող է ընտրել այս ուղղությամբ։ Բացի այդ, Թրասն ասել է, որ ՆԱՏՕ-ն առաջարկներ է պատրաստել, որոնք պատրաստ են քննարկել Ռուսաստանի հետ։