կարևոր
3445 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-10 20:01

Մարտի 1-ից Արցախում հեռահաղորդակցության անվճար ծառայությունները կդադարեցվեն

Մարտի 1-ից Արցախում հեռահաղորդակցության անվճար ծառայությունները կդադարեցվեն

Մարտի 1-ից կդադարեցվի Արցախի Հանրապետության կառավարության կողմից սուբսիդավորվող և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից անվճար ծառայությունների տրամադրումը: Տեղեկությունը ընկերության ֆբ-յան էջից է։

«Հետագա խոչընդոտներից խուսափելու համար տեղեկացնում ենք, որ մարտի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կլինեն վճարովի, և յուրաքանչյուր միավորի դիմաց կգանձվի համապատասխան սակագին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 2-ին, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ որոշում է կայացվել ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Արդեն 2021 թ.-ի սեպտեմբերի տվյալներով՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի սեփականատերը փոխվել է, գնորդը «Արցախտել» ՓԲԸ-ն է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի ընկերությունը գրանցված է Երևանում, հիմնվել է հուլիսի 6-ին՝ 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով։ Ընկերության տնօրենն ու բաժնետերը Արսեն Խաչատրյանն է՝ գրանցված Երևանի Սայաթ-Նովա 40 հասցեում։ Վերջինս նաև 2012-ին հիմնված «Էյչնեթ» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է։ Այս ընկերությունը հանդես է գալիս Fastnet ապրանքային նշանով, տեղեկատվական ու հաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն է։ 

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը Արցախում կապի միակ օպերատորն է և իր գործունեությունն այնտեղ մեկնարկել է 2002-ին, իսկ դրանից մեկ տարի առաջ 30 տարով ստացել էր հեռահաղորդակցության լիցենզիա ու կնքել էր պայմանագիր Արցախի կառավարության հետ։ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հիմնադիրն ու բաժնետերը Լիբանանի քաղաքացի, խոշոր գործարար Պիեռ Ֆատուշն է։