կարևոր
1720 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-10 19:13

Բարձրագույն դատական խորհուրդը մեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանին

Բարձրագույն դատական խորհուրդը մեղադրում է Մարդու իրավունքների պաշտպանին

Բարձրագույն դատական խորհուրդը, ծանոթանալով 2022 թվականի փետրվարի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հրապարակած հայտարարությանը, դրա մի շարք դրույթների կապակցությամբ տեղին է համարում նշել, որ խնդրահարույց են հայտարարության մեջ պարունակվող մի շարք դատողություններ, որոնք վերաբերում են ՀՀ դատարաններում քննվող և հետագայում հնարավոր քննության առարկա քրեական գործի հանգամանքներին և դրանց գնահատմանը: Այս մասին ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորեւ․

«Խորհուրդը անընդունելի է համարում այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր հայտարարության մեջ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդին և վերջինիս գործունեությանը, հարկ չի համարել գործի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու համար ստանալ Խորհրդի դիրքորոշումը։

Կոնկրետ քրեական գործով միայն շահագրգիռ՝ պաշտպանական կողմի մոտեցումների վերարտադրման արդյունքում կատարված եզրակացությունները որպես սահմանադրական մարմնի դիրքորոշում ներկայացնելը անուղղակի միջամտություն է դատական իշխանության անկախությանը։

Գտնում ենք, որ պարոն Թաթոյանի նման գործելակերպը չի կարող նպաստել Մարդու իրավունքների պաշտպանի, որպես սահմանադրական մարմնի անաչառության և օբյեկտիվության ապահովմանը և կոչ ենք անում վերջինիս չձեռնարկել քայլեր, որոնք կարող են դիտվել որպես Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական իշխանության գործունեությանը միջամտություն»։

Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հետ կապված ներկայացրել էր իրավական դիրքորոշումները և նշել, որ.

«ԲԴԽ-ն պարտավոր էր պաշտպանության կողմին տրամադրել իր կայացրած որոշումները՝ Բ.Բախշյանի արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքներն առավելագույն երաշխավորելու համար: Մարդու իրավունքների պաշտպանի համար կոնկրետ իրավիճակի պայմաններում ընդունելի չէ որևէ ձևական փաստարկ, թե օրենքը նման պարտավորություն չի ապահովում: Որևէ ձևական պաշտոնական ընթացակարգ կամ դրա բացակայությունը չի կարող խոչընդոտ լինել մարդու սահմանադրական իրավունքի ու դրա իրականացման իրական պայմանների համար:

Մարդու իրավունքների պաշտպանը համաձայն է փաստաբանների և Բորիս Բախշիյանի այն պնդմանը, որ այս պայմաններում չեն ունեցել իրենց պաշտպանությունը պատշաճ նախապատրաստելու ժամանակ և հնարավորություն, այդ թվում՝ կապված ազատությունից զրկելու հետ: Խոսքը վերաբերում է մինչև քննիչի կողմից այդ որոշումներն իրենց հանձնելուն»: