կարևոր
1330 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-10 18:51

Ծաղկաձորի հյուրանոցային համալիրը վերջապես վաճառվել է. մրցույթին դիմել էր մեկ ընկերություն

Ծաղկաձորի հյուրանոցային համալիրը վերջապես վաճառվել է. մրցույթին դիմել էր մեկ ընկերություն

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելըս» հյուրանոցային համալիրը վաճառվել է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա խոսքով` այսօր հանձնաժողովն ամփոփել է Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրն օտարելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Մրցույթին մասնակցելու համար «Գոլդեն փելես» գնած ընկերությունից բացի հայտ ներկայացնող չի եղել։

Նշվում է, որ մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված հայտի ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեի անշարժ և շենք-շինությունների ներսում գտնվող շարժական գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն։

««Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից գույքի գնման նպատակով ներկայացվել է սահմանված 5 մլրդ ՀՀ դրամ գնային առաջարկ, ինչպես նաև առաջիկա 5 տարիների ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմել է 5 602 293 000 ՀՀ դրամ, շենք-շինությունների ներսում առկա 3 257 միավոր շարժական գույքինը՝ 305 757 000 ՀՀ դրամ։

Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։ Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր, թե իրեն պատկանող երեք հյուրանոցն անօրինական գումարներով կառուցելու փաստը։

Իսկ 2019թ-ի նոյեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, հետո արդեն նվազել մինչև 14 մլն դոլար։ Փաշինյանը հույս էր հայտնել, որ հյուրանոցը պետք է աճուրդի հանել ու դրանից ստացած գումարը մուտքագրել պետական բյուջե։