Մեր երկրում ընթացող խայտառակ գործընթացների կապակցությամբ ունենք անընդունելի լռություն արևմտյան, հատկապես՝ եվրոպական կառույցներից: Այս մասին փետրվարի 10-ին Երևանում Եվրոպական Միության պատվիրակության շենքի առջև հավաք-ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա՝ այդ անընդունելի լռությունը տարբեր ոլորտներում՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն, տեղական ինքնակառավարում, արդար դատաքննություն, անձնական ազատություն, լրատվամիջոցների ազատություն, բռնաճնշումների պատճառներից մեկն է։
«Այս ամենի մեջ նաև մեղքի և պատասխանատվության շատ կարևոր բաժնեմաս ունեն այս մարդիկ, որոնք ՀՀ-ում ներկայացնում են Եվրոպական Միությունը»,- ասաց Մելիքյանը։
«Ի՞նչ են անում եվրոպական կառույցները, նրանք անում են ոչինչ կամ ավելի կոնկրետ, հուժկու լռում են՝ տեսնելով այս խայտառակ ապօրինությունները։ Ավելին՝ Հայաստանում Եվրոպական Միության դեսպանը խոնարհվում է Նիկոլ Փաշինյանի առաջ։ Տիկի՛ն, ամոթ է, ուշքի եկե՛ք, Նիկոլ Փաշինյանն ու ժողովրդավորությունը համարժեք չեն, Դուք կոչված եք ծառայելու ժողովրդավարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, Դուք պետք է խոնարհվեք ժողովրդավարության առաջ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«U are not EU» կարգախոսով հավաք-ակցիայի ժամանակ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ընթերցեց բողոքի ակցիայի մասնակիցների պահանջագիրը, որը հանձնեցին դեսպանությանը։
Պահանջագրում նշված է.
«Հայաստանի անկախացումից ի վեր միացյալ Եվրոպան մեր երկրում ներկայացել է առաջին հերթին արժեհամակարգային օրակարգով։ Դա է եղել հայաստանյան հասարակության լայն ընկալումը։ Այդ օրակարգը հիմք ընդունելով՝ տարիներ ի վեր եվրոպական շատ կառույցներ և հատկապես ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարն իրենց իրավունք են վերապահել գնահատականներ տալ մեր երկրում ընթացող տարաբնույթ իրադարձություններին։ Եվ այդ միջամտությունները շատերիս կողմից համարվել է լեգիտիմ, քանի որ Եվրոպան հանդես է եկել ժողովրդավարական արժեքների անկողմանակալ պահապանի դերում։ Մինչդեռ վերջին շրջանում ԵՄ պատվիրակությունը լռության է մատնում ժողովրդավարության՝ բոլորիս հայտնի չափորոշիչներից աղաղակող շեղումները։
Վիրավորանքի անընդունելի քրեականացումը, ընդդիմադիրների նկատմամբ լայնածավալ հետապնդումները, ներառյալ անհիմն կալանավորումները, դատական իշխանության անկախությունը զրոյացնող գործընթացների նոր ալիքը… այդ աղաղակող շեղումների առավել տեսանելի մասն է։ Մինչդեռ եվրոպական արժեհամակարգից այդ ակնհայտ շեղումներին զուգընթաց ԵՄ պատվիրակության ղեկավարի շուրթերից լսում ենք ոչ թե դատապարտման, այլ գովեստի խոսքեր։
Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ։ Մենք վստահ ենք, որ եթե ԵՄ պատվիրակությունը եվրոպական մայրաքաղաքներում անկողմնակալ ձևով ներկայացներ ժողովրդավարական արժեքներն օրեցօր ավելի համարձակորեն ոտնահարող ՔՊ-ական իշխանության վարքագիծը, այդ թվում ԵՄ առջև ստանձնած պայմանագրային պարտավորությունների տապալումը, ապա հայաստանյան ներկայիս իշխանությունները ստիպված կլինեին զսպել բռնաճնշումների ախորժակը։
Դրա փոխարեն ԵՄ պատվիրակության ղեկավարը փաստացի զբաղվում է ՔՊ ղեկավարության փիառով՝ կամա թե ակամա ստանձնելով քաղաքական հետապնդումների և իրավունքի այլ ոտնահարումների համար պատասխանատվության զգալի մասնաբաժին։
Վերոգրյալի հիման վրա՝ արտաքին կապերի եվրոպական ծառայությունից պահանջում ենք՝ վերանայել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, ԵԽԽՎ 1900 բանաձևում ներկայացված չափորոշիչների հիման վրա քննարկման առարկա դարձնել ՔՊ-ական իշխանության քմահաճույքով ազատությունից զրկված անձանց քաղբանտարկյալ ճանաչելու հարցը, վճռականորեն դատապարտել խոսքի ազատության, դատական իշխանության անկախության, տեղական ինքնակառվարման, անձնական ազատության իրավունքի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների տևական ոտնձգությունները»։