կարևոր
994 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-09 19:40

Սաղաթելյանի, Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործերը կարճվել են

Սաղաթելյանի, Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործերը կարճվել են

Քննչական կոմիտեն կարճել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի, ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի վերաբերյալ քրեական գործերը կարճվել են։ 

Նրանց մի մասը հրավիրել է Քննչական կոմիտե, որտեղ տեղեկացրել են, որ գործը կարճվել է։ Նրանց են վերադարձրել հեռախոսները, անձնագրերը, որոնք մեկ տարուց ավելի պահվում էին քննիչների մոտ։

Ընդդիմադիր գործիչները մեկ տարվա ընթացքում այս քրեական գործի պատճառով բազմաթիվ զրկանքներ են կրել՝ զրկված են եղել Հայաստանից դուրս գալու հնարավորությունից, հեռախոսներն են առգրավված եղել, հրավիրել են հարցաքննությունների․․․ նյարդային լարում, առողջական խնդիրներ, ժամանակի վատնում՝ այս բոլոր վնասների փոխհատուցումն ինչպե՞ս է կատարվելու:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ հաստատեց տեղեկությունը, ապա ընդգծել, որ որեւէ փոխհատուցման մասին խոսք անգամ չի գնացել, անգամ ներողություն չեն խնդրել: Գործը կարճվել է հավանաբար փաստերի բացակայության պատճառով: 

Նշենք, որ ՔԿ-ն քրեական գործը հարուցել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը)  եւ 307.1 հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը:)

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին եւ քրեական գործեր հարուցվեցին։