18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին մեկ տարում ադրբեջանական կողմին է փոխանցվել առաջին պատերազմին անհետ կորած համարվող 108 մարդու մարմին։ Առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք ևս 2 մարմին փոխանցել,- նշեց նա:
«Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջին պատերազմից հետո ունեն մոտ 4000 անհետ կորած։ Հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ՝ պաշտոնական թվերով 777։
Մենք ակնկալում ենք, որ նաև 44-օրյա պատերազմում մեր անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում նույնպես կհաջողվի համագործակցություն հաստատել։ Մենք 44-օրյա պատերազմից հետո ունենք 217 անձ, ում գտնվելու վայրն անհայտ է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզման հարցում։ Մենք դա համարում են հումանիտար հարց»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ օրերես Հայաստան վերադարձած գերիների մասին տեղեկությունները հայտնելիս՝ ադրբեջանական մամուլը շեշտեց, որ գերիները վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Հաղորդագրության մեջ առանձին խոսվում է փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռավար հանդիպման մասին։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի վերաբերյալ Ադրբեջանին ինֆորմացիա տրամադրելու հարցը։ Բաքվից պնդում են, որ հայկական կողմը պարտավարություն է ստանձնել համագործակցել այդ հարցում։ Այդ հարցը ստացել է նաև Ֆրանսիայի նախագահի աջակցությունը։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի հետեւանքով ունենք 3812 զոհ։ Նրանցից 3736-ը զինծառայող է, 76-ը՝ քաղաքացիական անձ։
Փաշինյանը հայտարարեց, նաև որ այս պահի դրությամբ 217 մարդու գտնվելու վայրը անհայտ է, որոնցից 196-ը զինծառայող է, իսկ 21-ը քաղաքացիական անձ։
ՀԻշեցնենք, որ հունվարին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 3809։ 19.01.2022թ. դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված ընդհանուր 141 զինծառայող և քաղաքացիական անձ։