կարևոր
1966 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-09 16:51

Միրզոյանը հաստատեց. Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Միրզոյանը հաստատեց. Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարար Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը կանչվել է ԱԳՆ, որտեղ վերջինիս փոխանցվել են համոզմունքները, որ մեր երկրների հայտարարությունները պետք է լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը, ինչպես նաև իրավապայմանագրային ու մյուս դաշտերը, որոնց հիման վրա մեր երկրների միջև համագործակցություն կա: Միրզոյանը նաև նշեց, որ Կոնյուկին հայտնել են` նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնվեն միմյանց շահերը, սուվերենությունը, ինչպես նաև իրավապայմանագրային և մյուս դաշտը, որոնց հիման վրա երկու երկրները համագործակցում են։

«Ալեքսանդր Գրիգորևիի ինքնատիպ քաղաքական վերլուծությունները, մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում, այդ թվում մեր երկրում: Պետք է կրկնեմ, որ մեր խորին համոզմամբ, այս ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։ Վստահ կարող եք լինել, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևիցե առնչություն չունի»,-ասաց նա։

Հավելենք, որ փետրվարի 8-ին ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը չէր մանրամասնել, թե Հայաստանում Բելառուսի դեսպանը ինչու է կանչվել նախարարություն, և ինչի մասին են զրուցել։ Արտգործնախարարությունը երեկ անդրադարձել էր Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը և նշել, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ։ Հայ քաղաքական-հասարակական գործիչներից շատերի կարծիքով՝ ԱԳՆ-ի այս արձագանքը համաչափ չէր։