կարևոր
2554 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-09 16:16

Խորհրդարանը միաձայն ընդունեց դրոշի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը

Խորհրդարանը միաձայն ընդունեց դրոշի մասին օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը

Խորհրդարանն այսօր քննարկեց և առաջին ընթերցմամբ՝ 84 կողմ ձայնով ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները:

Նախագիծը ներկայացնելիս ընդդիմադիր պատգամավորը հիմնավորեց, որ նպատակը դրոշի առավելագույն հանրայնացումն է, պետականության հանդեպ քաղաքացիների, հատկապես երեխաների և երիտասարդների մոտ հարգալից վերաբերմունքի ամրապնդումը:

Նախագծով առաջարկվում է օրենքի մակարդակով կանոնակարգել երեք տոնի՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքերի վրա պետական դրոշի գործածման կարգը: Նախագծով առաջարկվում է այս կանոնները խախտելու դեպքում համապատասխան պատասախանատվության ենթարկել:

«Գաղափարը ծնվեց՝ նայելով մեր հարևան երկրներին և խորհրդանիշների վերաբերյալ նրանց վերաբերմունքին»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ դրոշի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Նախագծի հիմնական նպատակն ամենտարածված պետական խորհրդանիշի, դրոշի հանրայնացումն է, պետականության նկատմամբ քաղաքացիների, հիմնականում՝ երեխաների և երիտասարդների հարգալից վերաբերմունքի ամրապնդումը, ձևական կողմից խորհրդանիշների բնույթի գիտակցմանն անցնելը»,- նախագիծը հիմնավորեց ընդդիմադիր պատգամավորը:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպություններին, պետության և համայնքների կողմից ստեղծած բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականությունը:

«Ես ուզում եմ համոզված լինել, որ սա այն դեպքն է, որը վերաբերում է ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր բոլոր պատգամավորներին»,- ասաց Վարդանյանը և նկատեց, որ նախաձեռնության նպատակը պետականամետ աշխարհայացքի տեր քաղաքացի դաստիարակելն է, հայրենիքի, հասարակության նկատմամբ պատասխանատվութուն, ինչպես նաև պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամության սերմանումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ բացառիկ դեպքն է եղել, որ ընդդիմադիրների ներկայացրած օրենքի նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացվել: Նախագծով առաջարկվում է նաև «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Քննարկմանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ կարևոր է որ պետական ծառայողներն իրենց օրինակով ուղղորդեն խորհրդանիշների նկատմամբ հանրության վերաբերմունքը.

«Եթե համեմատելու լինենք, ռազմական տեսանկյունից՝ մարտական դրոշները պատվի, արիության և փառքի խորհրդանիշներ են, նույնիսկ մարտական դրոշը կորցնելու դեպքում զորամասերը լուծարվում են»,-ասաց նա: Սեյրան Օհանյանը նաև ընդգծեց, որ պետք է խստացվեն դրոշի նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքում սահմանված պատժամիջոցները:
«Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին:

ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը հայտնեց, որ կառավարությունը նույնպես դրական եզրակացություն է տվել նախագծին և ընթերցեց առաջարկները: Քվերակությունից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս հայտարարեց, որ իշխող խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: