կարևոր
2068 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-09 13:17

Ովքեր են ներգրավված Թուրքիայի հետ բանակցությունների փորձագիտական խմբում. ԱԳՆ-ն իրավասություն չունի ասելու. «Հետք»

Ովքեր են ներգրավված Թուրքիայի հետ բանակցությունների փորձագիտական խմբում. ԱԳՆ-ն իրավասություն չունի ասելու. «Հետք»

Դեռ 2022 թվականի հունվարի 18-ին Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում իր հետ աշխատում է աշխատանքային խումբ, որը կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից։ 

Ռուբինյանը հայտնել էր, որ խորհրդակցել էր նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ, սակայն անուններ չէր նշել։ 

«Հետք»-ը հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ովքեր են ներգրավված Թուրքիայի հետ բանակցությունների փորձագիտական խմբում։ Արտաքին քաղաքական գերատեսչությունից հարցմանն ի պատասխան նշել են, որ Ռուբեն Ռուբինյանին փորձագիտական խորհրդատվություն տրամադրող խումբը ձևավորվել է ԱԳՆ սահմանակից երկրների վարչության հիմքով, ինչպես նաև քննարկումներ են անցկացվում ոլորտային փորձագետների հետ, որոնց անձնական տվյալնեը չեն կարող տրամադրվել՝ առանց վերջիններիս համաձայնության։ Ըստ այդմ՝ մենք ԱԳՆ-ին խնդրել էինք ոլորտային փորձագետների հետ համաձայնեցնելուց հետո, տրամադրել նրանց անունները, որին ի պատասխան՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է՝ «խնդրանքը հնարավոր չէ իրականացնել, քանի որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման իրավասություն չունի»։

Հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ եթե ԱԳՆ-ն նման իրավասություն չունի, ապա ինչու է նախորդ հարցման պատասխանի մեջ նշում, որ «անձնական տվյալները չեն կարող տրամադրվել՝ առանց վերջիններիս համաձայնության»։ 

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում, որն ըստ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, ընտրվել է հայկական կողմի առաջարկությամբ։ 

Հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։