կարևոր
3184 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-09 13:04

Արմեն Գարո. Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական հնոցի հարազատ ծնունդը

Արմեն Գարո. Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական հնոցի հարազատ ծնունդը

Արմեն Գարոն (Գարեգին Փաստերմաճեանը) հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ էր, ով համարվում է հայոց ազգային հերոս:

Այսօր` Փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության պետական գործիչ, ՀՅԴ ականավոր առաջնորդներից, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Գարեգին Փաստրմաճեանի (Արմէն Գարօ) ծննդյան 150 ամյակն է:

Ծնվել է Էրզրումում 1872 թ. փետրվարի 9-ին, որտեղ էլ 1891-ին ավարտել է Սանասարյան վարժարանը:

1894-ին ընդունվել է Ֆրանսիայի Նանսիի գյուղատնտեսական համալսարան և նույն տարում անդամագրվել է ՀՅԴ-ին:

1895 թ., երբ սկսվեց Զեյթունի ապստամբությունը, նա Սարգիս Սրենցի, Հայկ Թիրաքյանի (հայտնի էր որպես Հրաչ) և Մաքս Զևրունցի հետ միասին ուղևորվեց Եգիպտոս՝ աջակցելու Զեյթունի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Շուտով Արմեն Գարոն հայտնվում է Ժնևում, որտեղ դառնում է ակտիվիստ։ Ուղարկվում է Եգիպտոս՝ այնտեղից Զեյթունի ինքնապաշտպանությանը աջակցելու համար։ Սարգիս Սրենցի, Հայկ Թիրաքյանի, Մաքս Զեվրուզի հետ թողնում է Եգիպտոսը և անցնում Օսմանյան կայսրություն, որտեղ աջակցում է ՀՅԴ-ի ծրագրերին։ Այս շրջանում էլ Գարեգին Փաստրմաճյանը ստանում է Արմեն Գարո մականունը։

1896 թ. օգոստոսի 26-ին Բաբկեն Սյունիի (Պետրոս Փարյան) հետ կազմակերպել է միջազգային Օսմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը։ Խումբը սպառնում էր պայթեցնել բանկը, եթե Արևմտյան Հայաստանում Թուրքիան բարենորոգումներ չիրականացնի։ Արմեն Գարոյի խնդիրն էր բանկային ծառայողների և այցելուների փախուստի խոչընդոտումը։ Բաբկեն Սյունու զոհվելուց հետո գլխավորել է խումբը։

Օգոստոսի 27-ի առավոտյան խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացել է Մարսել։ Գարոն պատրաստվում էր շարունակել ուսումը Ֆրանսիայում, սակայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Հանոտոն պահանջեց, որպեսզի նա հեռանա, քանի որ մասնակցել է միջազգային բանկի գրավմանը:

Արմեն Գարոն ստիպված է լինում տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ շարունակում է ուսումը Ժնևի համալսարանում։ Սովորելու հետ մեկտեղ շարունակում է իր գործունեությունը ՀՅԴ-ում։ Չնայած երիտասարդ տարիքին Արմեն Գարոն ձեռք էր բերել հեղինակություն և վստահություն ՀՅԴ առաջատար շրջանակներում։ 1900 թ. նա ավարտում է ուսումը և ստանում բնագիտության և քիմիայի դոկտորի աստիճան։

1901 թ. Արմեն Գարոն հիմնում է լաբորատորիա Թիֆլիսում՝ քիմիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար։ 1905-1906 թթ. թուրք-թաթարական խռովությունների ժամանակ ՀՅԴ-ն իրականացրել է զինված գործողություններ։ Արմեն Գարոն ղեկավարել է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում։ Նրան և 500 կամավորի հաջողվել է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում։ 1908-1912 թթ. Իրավիճակը Կովկասում կարծես թե գնալով նորմալանում էր։ Արմեն Գարոն այս ընթացքում համագործակցում է խոշոր մի ընկերության հետ՝ զարգացնում է պղնձի մի հանքավայր։ Նրա գործն էր մնալ Կովկասում և շարունակել զարգացնել այդ ձեռնարկությունը։ 1908 թ. տեղի ունեցավ երիտ-թուրքերի հեղափոխությունը։ Էրզրումի հայերը, ինչպես նաև ՀՅԴ-ն, դիմում են Արմեն Գարոին և խնդրում են նրան դառնալ իրենց թեկնածուն Օսմանյան խորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Արմեն Գարոն դառնում է ՀՅԴ ներկայացուցիչ Օսմանյան խորհրդարանում։

Բալկանյան պատերազմի ավարտից հետո հայերի խնդիրները բարձրացվում են ավելի շատ և սրա մեջ իր մեծ դերն ուներ նաև Արմեն Գարոն՝ Էրզրումի պատգամավորը։ Կոստանդնուպոլսում, որպես պատգամավոր գտնվելու չորս տարվա ընթացքում Արմեն Գարոն աշխատել է երկաթգծի օրինագծի վրա, որը հանրությանը հայտնի է որպես Չեստերի օրինագիծ։ Օրենքի գլխավոր նպատակն էր կառուցել երկաթուղիներ հատկապես այն տարածքներում, նկատի ունենալով, որ դրանք հետագայում կանցնեն Ռուսաստանին։ Այդ պատճառով Գերմանիան և Ֆրանսիան դեմ էին այդ օրինագծին և խոչընդոտում էին դրա իրականացմանը։

1913 թ. ընթացքում Արմեն Գարոն ակտիվ գործունեություն է ծավալում և ակտիվ մասնակցություն ունենում Հայկական բարեփոխումների քննարկմանը։ Արմեն Գարոն՝ որպես ՀՅԴ պատվիրակ հանդիպում է գեներալ-տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացումը։

1914 թ. աշնանը՝ ռազմական գործողությունները սկսվելուց մեկ ու կես ամիս առաջ, Արմեն Գարոն գնում է Թիֆլիս՝ Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ։ Այնտեղ միանում է Կովկասի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծված խմբին, որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր։ Այս ջանքերի արդյունքում 1914 թ. նոյեմբերին ստեղծվում է կամավորական երկրորդ ջոկատը։ 1915 թ. ամռանը Արմեն Գարոն Վանում էր, այստեղ մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը։ Խեչոն եղել է նրա օգնականը։ 1917 թ. գարնանը, երբ Ռուսաստանի հեղափոխությունը տակնուվրա է անում ամբողջ Կովկասը, Արմեն Գարոն և բժիշկ Հակոբ Զավրիևը մեկնում են Պետրոգրադ Կովկասի գործերի հետ կապված բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ։ 1917 թ. Արմեն Գարոն մեկնում է ԱՄՆ, որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ։

Արմեն Գարոն ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում, Վաշինգտոն։

Երբ 1915 թ. իրականացվում է Հայոց ցեղասպանությունը, Արմեն Գարոն շատ ծանր է տանում, ճնշվում, նրա առողջական վիճակը վատանում է։ Հայաստանի առաջին հանրապետության վերացումը ավելի է խորացնում նրա հիվանդությունը։ Արմեն Գարոն վախճանվում է 1923 թ. մարտի 23-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ սրտի հիվանդությունից։