կարևոր
976 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-09 10:25

Դատավոր Մխիթարյանը մերժեց փոխել Առուշ Առուշանյանի խափանման միջոցը

Դատավոր Մխիթարյանը մերժեց փոխել Առուշ Առուշանյանի խափանման միջոցը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանքի բողոքարկման վերաբերյալ որոշումը, ըստ որի՝ Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով դատարանի որոշմանը, գրել է. 

«Դատավոր Մխիթարյան հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես: Դե ապրի այդ իրականությունով»:

Երեկվա նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը հայտնել էրց, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավոր փոխարինվի․ «Առաջին ատյանի դատարանը մեր միջնորդությունը մերժել էր։ Այս պահին մենք Վերաքննիչ դատարանում պետք է մասնակցենք բողոքի քննությանը, որը վերաբերում է հենց առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքարկման  քննությանը»։

Որպես գրավի չափ առնվազն նշվել է 80 միլիոն դրամը․ «80 միլիոնից սկսած պատրաստակամ ենք վճարել, որպեսզի Առուշանյանը գտնվի ազատության մեջ»։

Ալեքսանյանի խոսքերով, ինքը չի կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի դատարանը․ «Բայց մի բանը շատ հստակ է՝ ամեն ինչ հավերժ չէ, հատկապես՝ այսօրվա քաղաքական իշխանությունը։ Հավատացեք՝ գալու է այն օրը, որ մենք ոչ թե թերթելու, այլ ուղղակի պատռելու ենք այս ամոթալի պատմական էջը»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Իսկ հոկտեմբերի 17-ին Գորիսում կայացած ավագանու ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթեց կալանավորված, գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան դաշինքը»։ Նոյեմբերին կայացած նորընտիր ավագանու նիստում Առուշ Առուշանյանն ընտրվել է համայնքի ղեկավար:

Առուշ Առուշանյանը չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքը, պաշտպանները պնդում են, որ մեղադրանքի հիմքում որևէ փաստական ապացույց չկա, քրեական գործը շինծու է: