Խորհրդարանը մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը: Նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցությունն է:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 42 կողմ, 46 դեմ ձայներ:
Երեկ ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս՝ Գեղամ Մանուկյանը նշեց, որ նախագծով չի վիճարկվում բալային համակարգի արդյունավետությունը, տուգանքների բարձր կամ ցածր լինելն, այլ վիճարկման հիմնական պատճառն ՀՀ Սահմանադրության պահանջն է խախտվում:
«Սահմանադրության 68-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: Այս օրենքի վիճարկման հիմնական պատճառը ՀՀ Սահմանադրության պահանջն է, 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, իսկ բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միևնույն ժամանակ, նույն արարքի համար ենթարկվում են մեկ այլ տույժի, որի համաձայն՝ բալերից են զրկվում ու վերջում քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից», - ասաց նա և հավելեց, որ այս դեպքում քաղաքացու իրավունքը խախտվում է:
Նա նկատեց, որ ըստ օրենքի՝ նույն արարքի համար վարորդը տուգանվում է խախտումների համար և այդ տուգանքների կուտակման հետևանքով վերջում նաև երկրորդ պատիժն է կրում՝ զրկվելով մեքենա վարելու իրավունքից:
«Եթե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, 2022 թ. հունվարի 20-ի կառավարության նիստում Փաշինյանն ինչպես էր հպարտանում, որ քաղաքացիների տուգանքները պարեկային ծառայության շնորհիվ ավելացել են 370%, 851%, 791 %-ով»,- ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից բալային միավորների հանելու հետևանքով վարորդական իրավունքից զրկելու պահանջի վերացման նախագծի ներկայացման ժամանակ՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա խորհրդարանական մեծամասնությանը կրկին հիշեցրեց, որ իրենց իշխանության քաղաքական խոստումներից են եղել արագաչափերի, տեսախցիկների հանումը և քաղաքացուն տուգանքի մատերիալի կարգավիճակի բացառումը:
Սակայն իշխանությունը պնդում էր, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ: