կարևոր
1726 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-08 22:36

Պեկին-2022. դահուկավազորդ Կատյա Գալստյանը ևս մեկ անգամ մրցուղի դուրս կգա

Պեկին-2022. դահուկավազորդ Կատյա Գալստյանը ևս մեկ անգամ մրցուղի դուրս կգա

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը:

Նա հանդես է եկել արագավազքում (սպրինտ) և գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել է 80-րդ տեղում, իսկ մրցմանն ընդհանուր առմամբ 90 դահուկորդ է մասնակցել: Որակավորման փուլը հաղթահարել է առաջին 30 մարզուհին:

3:09.03 արդյունքով առաջին տեղով եզրագիծը հատել է Շվեդիայի ներկայացուցիչ Յոննա Սադլինգը: Կատյա Գալստյանը ևս մեկ անգամ մրցուղի դուրս կգա փետրվարի 10-ին. այդ օրը նա Անգելինա Մուրադյանի հետ ելույթ կունենա 10 կմ դասական ոճում:

Հիշեցնենք՝ Պեկին-2022-ը Կատյա Գալստյանի երրորդ օլիմպիական խաղերն են: 29-ամյա մարզուհին մասնակցել է նաև Սոչի-2014-ին և Փհենչան-2018-ին:

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին պայքարի մեջ էր մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը: Նա հանդես էր եկել սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում: Հայաստանի ներկայացուցիչը մրցատարածությունը հաղթահարել էր 1:25:53.7 րոպեում և զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։ Միքայել Միքայելյանը երկրորդ անգամ մրցուղի դուրս կգա արդեն փետրվարի 11-ին 15 կմ դասական ոճում:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: