կարևոր
814 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-08 18:01

Սյունիքը երբեք ոչ մեկին չի զիջվելու. Մխիթար Զաքարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար զաքարյանի հայտարարությունը

«Հարգելի հայրենակիցներ,

Ելույթս ուզում եմ սկսել հռետորական հարցադրմամբ. որևէ մեկը իրապես հավատում է որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը և մեր մյուս ապօրինի հետապնդվող գործընկերները հանցագործություն ենք կատարել:

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրավունքի շղարշի տակ իրականացվող քաղաքական հետապնդումները դարձել են այս իշխանությունների այցեքարտը:

«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետաներ չանելու խոստմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը և ՔՊական խմբակը հակառակն ապացուցեց: Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում: Երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտն աննախադեպ է: Ինչքան շատ են ձախողվում, այնքան հիստերիայի չափաբաժինն ավելանում է: Որքան ավելանում է, այդքան աճում է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը Հայաստանում:

Ես ինքս, ինչպես և իմ գործընկերներ Արմեն Չարչյանն ու Արթուր Սարգսյանը, տևական ժամանակ եղել ենք կալանքի տակ, ի հեճուկս Սահմանադրության և օրենքների: Այսօր ցավոք, իմ Գործընկերներ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը կալանավորված են կրկին ապօրինաբար բայց այս անգամ նաև ի հեճուկս Սյունիքի անվտանգության:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք ապրում ենք մի իրողության մեջ, որտեղ իշխանության թմբուկը զարկող դատավորը կալանավորում է քաղաքական ճնշումներին դիմադրող և սեփական խղճով որոշում կայացնող դատավորին, որտեղ համայնքային ընտրություններում հաղթած բոլոր թեկնածուները պետք է անպայմանորեն կալանավորվեն, եթե իհարկե իշխանական ուժը չեն ներկայացնում:

Եթե կարճ բանաձևեմ, ապա նրանք, ովքեր օրենքին ասում էին՝ «այո», իսկ Փաշինյանին՝ «ոչ», ենթարկվում են ապօրինի ու խայտառակ հետապնդումների:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես քաղաքական ռեպրեսիա: Ընդ որում` հրապարակային, ցույց տալու համար մյուսներին, որ կամ հնազանդվում ես գործող իշխանությանն ու շարունակում ավերը, կամ քեզ նույնպես կկալանավորենք:

Նժդեհը ասել է` հաճախ կաշառվում են պատմաբանները, պատմությունը՝ երբեք: Ես ուզում եմ ասել` հաճախ հնազանդվում են արդարադատություն իրականացնողները, բայց արդարությունը` երբեք:

Ես եկել եմ ասելու` Սյունիքը չի զիջվելու»: