կարևոր
2191 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-08 14:02

Այս բալային համակարգի ներդրմամբ ՀՀ քաղաքացին դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանն այսօր օրակարգային այլ հարցերի թվում քննարկեց «Հայաստան» խմբակցության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

«Թերևս շատ խորհրդանշական է, որ այս նախագիծը ես եմ ներկայացնում, ով մեքենա վարել չգիտի և երբևէ չի վարել»,-խորհրդարանում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և շեշտելով, որ նախագիծը ներկայացնում է Արամ Վարդևանյանի փոխարեն, որն հիվանդության պատճառով բացակայում է նիստից:

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավորներից զրկվելուց հետո վարորդները զրկվում են նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: 

Գեղամ Մանուկյանը նշեց, որ նախագծով չի վիճարկվում բալային համակարգի արդյունավետությունը, տուգանքների բարձր կամ ցածր լինելն, այլ վիճարկման հիմնական պատճառն ՀՀ Սահմանադրության պահանջն է խախտվում:

«Սահմանադրության 68-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը: Այս օրենքի վիճարկման հիմնական պատճառը ՀՀ Սահմանադրության պահանջն է, 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, իսկ բալային համակարգի ներդրման արդյունքում ՀՀ վարորդ քաղաքացիները ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվում են դրամական տուգանքի, միևնույն ժամանակ, նույն արարքի համար ենթարկվում են մեկ այլ տույժի, որի համաձայն՝ բալերից են զրկվում ու վերջում քաղաքացին զրկվում է մեքենա վարելու իրավունքից», - ասաց նա և հավելեց, որ այս դեպքում քաղաքացու իրավունքը խախտվում է:

Նա նկատեց, որ ըստ օրենքի՝ նույն արարքի համար վարորդը տուգանվում է խախտումների համար և այդ տուգանքների կուտակման հետևանքով վերջում նաև երկրորդ պատիժն է կրում՝ զրկվելով մեքենա վարելու իրավունքից:
 
Նկատելով, որ ԱԺ հանձնաժողովում քննարկումների ժամանակ գործադիրի ներկայացուցիչը փաստել է, թե այդ համակարգի ներդրաման նպատակն անկարգապահ վարորդներին ավելի խիստ պատժելն է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը բերեց հակառակի մասին փաստող վիճակագրություն. «2017 թվականին ՀՀ ճանապարհներին, ցավոք սրտի, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել է 279 քաղաքացի, 2018 թ.՝ 343 , 2019 թ.՝ 341 քաղաքացի, իսկ բալային համակարգը ներդնելուց հետո 2021 թվականին ՀՀ ճանապարհներին մահացել է 368 քաղաքացի»:

«Եթե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, 2022 թ. հունվարի 20-ի կառավարության նիստում  Փաշինյանն ինչպես էր հպարտանում, որ քաղաքացիների տուգանքները պարեկային ծառայության շնորհիվ ավելացել են 370%,  851%, 791 %-ով»,- ելույթ ունենալով Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից բալային միավորների հանելու հետևանքով վարորդական իրավունքից զրկելու պահանջի վերացման նախագծի ներկայացման ժամանակ՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա  խորհրդարանական մեծամասնությանը կրկին հիշեցրեց, որ իրենց  իշխանության քաղաքական խոստումներից են եղել արագաչափերի, տեսախցիկների հանումը և քաղաքացուն տուգանքի մատերիալի կարգավիճակի բացառումը:

Մանուկյանը չհամաձայնեց ՔՊ-ական պատգամավորների այն պնդումների հետ, որ 2021 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի աճը պայմանավորված է մեքենաների քանակի ավելացմամբ, իսկ բալային համակարգի ներդրումը արդյունավետ է եղել և դրա հետ կապ չունի:

Գեղամ Մանուկյանը խոսեց նաև օրենքի նախագծի քաղաքական տարրի մասին և նկատեց, որ այսօրվա իշխանությունը 2018 թ-ին հանդես էր գալիս արագաչափերի և տեսախցիկների վերացման խոստումներով, բայց նրանց իշխանության տարիներին դրանք շատացան:

«Վերջապես ժխտվեց այն թեզը, որը կառավարությունում հնչեց դեռ 2018 թվականին, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», նաև այս բալային համակարգի ներդրմամբ ՀՀ քաղաքացին դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ, որին և տուգանում են և բալերից զրկելով՝ զրկում են նաև մեքենա վարելու իրավունքից»,-հայտնեց Գեղամ Մանուկյանը: