կարևոր
1522 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-08 09:42

Հայաստան վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը տևել է մոտ 8 ժամ

Հայաստան վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը տևել է մոտ 8 ժամ

«Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերու հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին եւ տեւել է մոտ 7-8 ժամ: Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան:

Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերուց 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով»,-գրում է թերթը։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան է վերադարձել 8 ռազմագերի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռազմագերիներին վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Հաղորդագրության մեջ առանձին խոսվում է փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռավար հանդիպման մասին։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի վերաբերյալ Ադրբեջանին ինֆորմացիա տրամադրելու հարցը։ Բաքվից պնդում են, որ հայկական կողմը պարտավարություն է ստանձնել համագործակցել այդ հարցում։  Այդ հարցը ստացել է նաև Ֆրանսիայի նախագահի աջակցությունը։