կարևոր
1852 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-07 22:54

Մակրոն-Պուտին բանակցությունների առանցքն Ուկրաինան է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով 18:30-ի սահմաններում։ Մակրոնի ու Պուտինի քննարկումների առանցքում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն է: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել անվտանգության ոլորտում Փարիզի գործադրած ջանքերին, իսկ Մակրոնն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Եվրոպան պետք է համատեղ քայլեր մշակեն առկա խնդիրների վերացման համար՝ կանխելու պատերազմը։

Մակրոնը նշել է, որ մի քանի հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի, եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Կարծում եմ, որ այսօրվա խոսակցությունն ինձ համար կարող է սկսել այն ճանապարհը, որով մենք պետք է գնանք՝ դեէսկալացիայի ճանապարհը։ Ուստի ես ուրախ եմ, որ կկարողանամ խորությամբ քննարկել այս հարցերը, և մենք կկարողանանք միասնաբար օգտակար լուծում գտնել Ռուսաստանի և ողջ Եվրոպայի համար՝ խուսափում պատերազմից»,- ասել է Մակրոնը։

Համատեղ հայտարարություններից հետո կողմերը բանակցությունները սկսեցին առանց մամուլի։

Մինչ այդ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ երկխոսությունը համարում է Եվրոպայում անվտանգության հասնելու միակ ճանապարհը։ Մակրոնը հույս ունի հասնել ընդհանուր լուծման թե՛ Մոսկվայի, թե՛ Եվրոպայի համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա փետրվարի 7-ին: «Ես ողջամտորեն լավատես եմ: Բայց ես չեմ հավատում ինքնաբուխ հրաշքներին», - Վնուկովո ժամանելուց հետո ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահի խոսքով, իր այցի նպատակն է թույլ չտալ իրավիճակի վատթարացում Ուկրաինայի շուրջ:

Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով: