կարևոր
1099 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-07 20:07

Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը մերժվեց. իշխող խմբակցության պատգամավորները հետևեցին կառավարության օրինակին

Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը մերժվեց. իշխող խմբակցության պատգամավորները հետևեցին կառավարության օրինակին

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը․ օրակարգում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: Նախագիծը ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից՝ պատգամավոր Աղվան Վարդանյանի նախաձեռնությամբ: 

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։ Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ:

Նկատելով, որ մինչև 2026 թվականի կառավարության ծրագրով նախատեսված է նվազագույն  աշխաավարձը 85 հազար դրամի հասցնել՝ օրենքի հեղինակն ասաց, որ գնաճը և գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների թանկացումը խելամիտ են դարձնում իր առաջարկությունը:

«Եթե նկատի ունենանք, որ 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը կազմել է 255 հազար դրամ, ապա դրա նվազագույնը 40 %-ը կկազմի 102 հազար դրամ»,-հիշեցնելով, որ ՀՀ-ն վավերացրել է Սոցիալական խարտիան. որով աշխատավարձի նվազագույն շեմը միջին աշխատավարձի 40%-ն է իսկ առավելագույնը միջին և նվազագույն աշխատավարձերիի հարաբերակցության 60%-ը՝ ասաց Աղվան Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հանձնաժողովի նիստում կարդաց կառավարության միջնորդությունը, որով 2019 թվականին գործադիրը բարձրացվել էր նվազագույն աշխատավարձը և շեշտեց, որ այդ հիմնավորումը միանգամից փարատում է արդեն իր հեղինակած նախագծի վերաբերյալ նույն կառավարության տված արդեն բացասական եզրակացության մեջ արտահայտած մտահոգությունները:

«Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Թադևոս Ավետիսյանը հիշեց, որ 2004 թվականին 60 %-ով էր նվազագույն աշխատավարձ բարձրացվեց, որը ամենաբարձրն է եղել նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Թադևոս Ավետիսյանը հայտնեց, որ բյուջեի ընդունման ժամանակ ինքը կառավարություն էր ուղարկել նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու առաջարկը և կառավարությունը կրկին մերժել էր:

«Այս քաղաքական ուժն իշխանության է եկել մարդկանց բարեկեցությունը բարելավելու խոստումներով ու ցանկությամբ, բայց խոսքի և գործի տարբերություն կա»,-նկատեց Աղվան Վարդանյանը և ասաց, որ համաձայն է հետ վերցնել նախագիծը 100 հազար դրամի շեմն իջեցնել 80 հազարի և ուժի մեջ մտնելու ժամկետն էլ տեղափոխել 2023 թվական և այդ փոփոխությամբ նորից բերի հանձնաժաղով, եթե պատգամավորները խոստանան, որ կողմ կքվեարկեն::

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների:

Հիշեցնենք, որ Կառավարությունը ևս իր հունվարի 20-ի նիստում մերժել էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագիծը

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: