Երևանի ավագանին փետրվարի 8-ի նիստին որոշում կընդունի Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
Որոշման նախագծում ասվում է․
«Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն անվանակոչել գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անվամբ՝ «Լևոն Ներսիսյան փողոց»»։
Որոշման նախագիծը ներկայացրել է ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, իր և ԵՊՀ մի խումբ շրջանավարտների անունից։
Նշվում է նաև, որ դեկտեմբերի 24-ին կնշվի Լևոն Ներսիսյանի 90-ամյա հոբելյանը: Նրան սիրում էին ու սիրահարվում բոլորը ... Նրան լսելու համար լսարան էին գալիս նաեւ նրանք, որոնց չէր դասավանդում։ Նա կոչումներ չուներ. բայց նրա դասախոսություններին մի մարդաչափ ազատ տեղ ու մի ավել մարդու շնչելիք օդ չկար: Նրանք բնութագրում էին տարբեր բառերով՝ լեգենդ, հանճար, քաղքենիության, ստի, կեղծիքի թշնամի։ Նա Լեւոն Ներսիսյանն է, գրականագետ, դերասան, գեղագետ, դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին։ Ոգու եւ ազատության ասպետը:
ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում ուսանողների կուռքը դարձած Լևոն Ներսիսյանի անվամբ անվանակոչվել է լսարան:
1994 թ.-ին Լևոն Ներսիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Լևոն Ներսիսյանը մահացել է 1999 թվականին: Նա 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ:
Երևանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու և ազատության ասպետ Լևոն Հրաչյայի Ներսիսյանը»: