կարևոր
1312 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-07 15:33

Շարժվում ենք առաջ. Մակրոնն արձագանքել է հայ ռազմագերիների վերադարձին

Շարժվում ենք առաջ. Մակրոնն արձագանքել է հայ ռազմագերիների վերադարձին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին ու զինվորականներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից 8 հայ ռազմագերու Հայաստան վերադարձնելու գործում: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:

«Ութ հայ գերի ազատ է արձակվել Ադրբեջանի կողմից ու Բաքվից տեղափոխվել Երևան: Նրանք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ, որոնցից արդեն մի քանի ամիս բաժանված էին: Շնորհակալ եմ մեր դիվանագետներին, ինչպես նաև մեր զինվորներին, որոնք ներգրավված էին այս գործողության մեջ: Շարժվում ենք առաջ»:

Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունն էլ ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել վերադարձած ռազմագերիների հետ՝ նշելով.

«Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդությամբ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 7-ին, ևս ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան։ Լուսանկարները՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից»,-գրված է հայտարարության մեջ։

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ ՀՀ արտգործանախարարությունը հրապարակել էր Հայաստան վերադարձած 8 ռազմագերու անունները: ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ռազմագերիներին վերադարձրել են Արցախյան առաջին պատերազմում զոհված ադդբեջանցիների վերաբերյալ ինֆորմացիայի դիմաց։ Հաղորդագրության մեջ առանձին խոսվում է փետրվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև կայացած հեռավար հանդիպման մասին։ Նշվում է, որ այդ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բարձրացրել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների հուղարկավորման վայրերի վերաբերյալ Ադրբեջանին ինֆորմացիա տրամադրելու հարցը։ Բաքվից պնդում են, որ հայկական կողմը պարտավարություն է ստանձնել համագործակցել այդ հարցում։  Այդ հարցը ստացել է նաև Ֆրանսիայի նախագահի աջակցությունը։