կարևոր
1159 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-07 14:19

Վարորդները պահանջում են ԱՊՊԱ Բյուրոյի պետի հրաժարականը

Վարորդները պահանջում են ԱՊՊԱ Բյուրոյի պետի հրաժարականը

Այսօր վաղ առավոտից վարորդները կրկին փողոց են դուրս եկել։ Ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց վարորդներն ակցիա են անում ընդդեմ ԱՊՊԱ-ի թանկացման։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր: Նրանք հավաքվել են Շահումյան հրապարակով, որտեղից երթով շարժվել են դեպի ապահովագրական բյուրո:

Ակցիայի մասնակիցների պահանջների շարքերում ավելացել է նաև ԱՊՊԱ Բյուրոյի պետի հրաժարականը։ Իսկ հիմնական պահանջը նոր որոշման չեղարկումն է։ Կա նաև երրորդ պահանջը, որի մասին կխոսեն ավելի ուշ։

Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ թանկացումն անհիմն են համարում:  «Մեր հիմնական պահանջը մնում է այս նոր որոշման չեղարկումը, երկրորդը՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը, իսկ երրորդի մասին կխոսենք ավելի ուշ: Մենք գնալու ենք մինչեւ վերջ, մինչեւ հասնենք արդյունքի: Մեր ակցիաները դեռեւս խաղաղ է, եթե այդ ամենն արդյունք չտվեց, մեր ակցիաները վերածվելու են անհնազանդության ակցիաների»,-ասաց ակցիայի վարորդներից մեկը:

Նրանց վրդովվեցրել է, որ ԱՊՊԱ բյուրոյի պետը հարցազրույցում հայտարարել է, թե անկարգ վարորդներն են դուրս եկել ակցիայի. «Ես երկար տարիների վարորդ եմ, մի հատ վթար չունեմ: Բայց կարող է լինել իրավիճակ, որ մերկասառույցի պատճռով գնացի, խփեցի մի թանկանոց մեքենայի: Իմ ԱՊՊԱ-ն 300 տոկոսով թանկանալու է»,-ասաց նա: 

Հունվարի 31-ին եւ փետրվարի 3-ին վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում եւ ԿԲ շենքի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ: Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել էին Հանրապետության հրապարակում: Ոստիկանները երկու դեպքում էլ բերման էին ենթարկել վարորդներից մի քանիսին:

Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: 

Հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։ Բացի այդ, եթե վթար է լինում, որի վնասն անցնում է 1 մլն դրամից, ապա վճարը 300 տոկոսով թանկանում է:

Բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա: