կարևոր
832 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-07 13:56

Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը. իրավապաշտպան

Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վճռականության կոչ է անում ընդդիմությանը՝ արձագանքելով դատավորին կալանավորելու որոշմանը.

«ՀԱՐՄԱՐՎԵՑԻ՞ՆՔ․․․

Այսպիսով, ունեցանք հերթական քաղաքական բանտարկյալը, հանձին դատավոր Բորիս Բախշիյանի։ Իսկ ո՞վ էր կասկածում, որ նոր ստեղծված, քաղաքական հետապնդումների մասնագիտական դատարանի պատանի թմկբահար դատավորն ընդունելու է կալանքի որոշում։ Ահա այս տարիներին դատարանների ստրկացման քայլերի ոչ սպառիչ շղթան՝ գաղտնազերված հայտնի եռակողմ հեռախոսազրույցներ- «Կա՞ Հայաստանում դատավոր, որ ինձ չլսի»-դատարանների շրջափակում-ՍԴ ջախջախում-«վնգստացող դատավորներ»-Քր․գործի հարուցում և դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրում-Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրում-Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ խցկում-դատարաններից համակարգիչների առգրավում-քաղաքական հետապնդումների (կալանքի) մասնագիտական դատարանների ստեղծում։

Այս ամենն ուղեկցվում էր քաղաքական բռնություններով, Արցախի հարցով «գաղտնի բանակցություններով», ի վերջո պարտությամբ, Արցախի հանձնումով, հետագայում Սյունիքի տարածքների հանձնումով, հազարավոր զոհերով, շուտով․․․

Եվս մեկ անգամ կրկնեմ, հարգելի գործիչներ՝ ընդդիմադիր, երկրի ապագայով անհանգստացող, հույս մի դրեք , այսպես կոչված «սահմանադրական ճանապարհով», այն է՝ իրավական գործընթացներով պայքարի հաջողության վրա։ Կարծում եմ, որ դուք նույնպես սա հիանալի հասկանում եք, բայց․․․

Է՛հ շարունակենք «կառուցողական» ընդդիմադիր քայլերը, մինչև․․․

Հետո կասենք․ «Մենք ինչո՞վ էնք մեղավոր, պատասխանատուն և մեղավորն իշխանություններն էին, իսկ մենք չուզեցինք երկիրը քաոսի վերածել»։ Իրո՞ք, իսկ եթե անկեղծ խոսենք, ապա վճռականություն չունեցանք և հարմարվեցինք»։

Նշենք, որ այսօր առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Բազմաթիվ կառույցներ, իրավաբաններ և հասարակական-քաղաքական գործիչներ այս գործընթացը որակել են որպես քաղաքական հետապնդում և դատավորի անկախության ոտնահարում: