Դատարանը բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը` բավարարելով Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատավորն, ում վարույթում 100-ից ավելի գործ կա, արգելանքի է վերցվել հենց նիստերի դահլիճից:
Որոշումn այն էր ինչ-որ սպասում էինք բոլորս։ Դատավոր Դավիթ Արղամանյանը պիոների պես կատարեց իր հանձնարարությունը և կալանավորեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Այս մասին լրագողների հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանի որոշումից հետո։
Բախշիյանի փաստաբանները գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին երկու անգամ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման և դատավորի քաղաքականացված լինելու հանգամանքները: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Նախքան դատավոր նշանակվելը Արղամանյան կրտսերը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակցիաներին՝ որպես թմբուկահար։ Եւ աղմկահարույց, քաղաքականապես զգայուն քրեական գործերով կալանավորման միջնորդությունների և ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի քննությունները մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին, որն էլ կայացնում է որոշումներ, որոնք հաճո են գործող իշխանությունների քիմքին։ Բացի այդ՝ Արղամանյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, ինչպես նաև՝ ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանի օգնականը։
Ավելի վաղ ԲԴԽ որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։
Նշենք, որ դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել տվյալ որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Դատավորների միությունը մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած ճնշումների վերաբերյալ:
ՀՀ Փաստաբանների պալատը, Արցախի Փաստաբանական պալատի անդամ փաստաբանները ևս հայտարարություններ են տարածել՝ դատավորի նկատմամբ տեղի ունեցածը որակելով որպես ոչ միայն ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։
Հավելենք, որ այսօր առավոտյան Վերաքննիչ դատարանը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կրկին կալանավորման մասին որոշում է կայացրել: