կարևոր
2404 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-06 22:19

Եղիսաբեթ II. ամենաերկար գահակալող թագուհին. ՖՈՏՈՇԱՐՔ

Եղիսաբեթ II. ամենաերկար գահակալող թագուհին. ՖՈՏՈՇԱՐՔ

Փետրվարի 6-ին լրանում է Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70 տարին։ Այս աննախադեպ կառավարումը թագուհուն կայունության խորհրդանիշն է դարձրել։ Նա գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինսթերյան աբբայությունում, հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Այն բրիտանական միապետության առաջին թագադրումն էր, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ, և այդ երևույթը նպաստել է հեռուստատեսության ժողովրդականության բարձրացմանը: Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: իսկ 2015 թվականի հունվարի 24-ից համարվում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։ 

2017 թվականի փետրվարին Բրիտանիայում նշվեց շափյուղե տարեդարձը, որը նշանավորեց Եղիսաբեթ II-ի գահակալման 65-ամյակը։ Եղիսաբեթ II-ի կոչումը Մեծ Բրիտանիայում հնչում է հետևյալ կերպ․ «Նորին Մեծություն Եղիսաբեթ II, Բրիտանիայի միացյալ թագավորության, Հյուսիսային Իռլանդիայի այլ սեփական թագավորությունների և տարածքների թագուհի, տիրության գլուխ, հավատքի պաշտպան»:

Համաձայն Բրիտանական խորհրդարանական միապետության ավանդույթի՝ Եղիսաբեթ II-ը ունի հիմնականում ներկայացուցչական գործառույթ, և գրեթե ոչ մի ազդեցություն երկրի կառավարման գործում։ Սակայն իր կառավարման օրոք հաջողությամբ է պահում Բրիտանական միապետության հեղինակությունը։ Նրա պարտականությունները ներառում են դիվանագիտական այցելություններ տարբեր երկրներ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ (հատկապես վարչապետի), դեսպանների ընդունելություններ, խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթերցումը, պարգևների հանձնում և այլն: Եղիսաբեթ II-ը պահպանել է միապետի պարտադիր հանդիպումների պրակտիկան վարչապետի հետ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 6-ին՝ զրույցի և կարծիքների փոխանակման նպատակով։ Չնայած ընդունված է, որ թագուհին չի միջամտում քաղաքականությանը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ իր երկար պաշտոնավարման ընթացքում աշխատել է բազմաթիվ վարչապետների և տարբեր երկրների առաջնորդների հետ, նրա խորհուրդներին միշտ ականջալուր են լինում։

Բացի պարտականություններից Եղիսաբեթ II-ը ունի նաև մի շարք լիազորություններ։ Օրինակ, նա կարող է մերժել վարչապետի թեկնածությունը, եթե թեկնածուն հարմար չի լինում, և այլն։ Այս լիազորությունները միշտ չէ, որ ձևականություն են։ Օրինակ թագուհին ամեն օր ստանում է մի շարք փաստաթղթեր ուսումնասիրելու համար, որոնք նրա համար հավաքում է գաղտնի խորհուրդը։ Այս փաստաթղթերը ամեն օր երեկոյան ժամը 7-ին բերում են կարմիր արկղերով, որից հետո միապետն արագ աչքի է անցկացնում, ընդգծում է այն հատվածները, որոնք չի հավանում կամ հասկանալի չեն, քանի որ արդեն առավոտյան ժամը 8-ին փաստաթղթերը հետ են տարվում։ Թագուհու կարծիքը հիմնականում հաշվի են առնում։ Բացի այդ թագուհին հաշվետվություններ է ստանում կայսրության15 երկրից:

Եղիսաբեթը նաև Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրի թագուհին է, Անգլիական եկեղեցու գլուխը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատարը, գնդապետ։

Եղիսաբեթ II-ը արքայազն Ալբերտի՝ Յորքյան հերցոգ (հետագայում թագավոր Ջորջ VI-ի, 1895-1952 թվականներ) և լեդի Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի (1900-2002) ավագ դուստրն է։ Հայրական պապը թագավոր Ջորջ V-ն է (1865-1936 թվականներ), իսկ տատը՝ թագուհի Մարիան՝ Թեքյան արքայադուստրը (1867-1953 թվականներ)։ 

Արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիան ծնվել է Լոնդոնի Մեյֆեր թաղամասում, 1926թ.-ի ապրիլի 21-ին։ Իր անունը ստացել է ի պատիվ մոր Եղիսաբեթի, տատի՝ Մարիայի և մեծ տատի՝ Ալեքսանդրայի։ 1936 թվականին, հոր՝ Ջորջ V-ի մահից հետո արքայազն Էդուարդը ստիպված էր հրաժարվել գահից։ Թագավոր դարձավ արքայազն Ալբերտը (Ջորջ VI), իսկ տասնամյա Եղիսաբեթը դարձավ թագաժառանգ։ Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Եղիսաբեթը 13 տարեկան էր։ Առաջին անգամ, 1940 թվականի հոկտեմբերի 13-ն, նա հանդես եկավ ռադիոյով՝ իր խոսքը հղելով պատերազմից տուժած երեխաներին։ 1945 թվականի փետրվարին Եղիսաբեթը միացավ կանանց ինքնապաշտպանական շարքերին և վերապատրաստվեց որպես շտապօգնության մեքենայի վարորդ-մեխանիկ՝ ստանալով լեյտենանտի կոչում։ Նրա պատերազմական գործունեությունը տևեց հինգ ամիս։

1947 թվականին, Եղիսաբեթը ծնողների հետ Աֆրիկա ուղևորության ժամանակ, իր 21-ամյակի կապակցությամբ, ռադիոյով ելույթ ունենալիս, հանդիսավոր խոստանում է իր կյանքը նվիրել բրիտանական կայսրությանը ծառայելուն։ Նույն տարում 21-ամյա Եղիսաբեթը ամուսնանում է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Նրանք ծանոթացել են 1939 թվականին, իսկ սիրահարվել՝ 1943 թվականին, Եղիսաբեթի Դորտմունդի ծովային քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորում էր Ֆիլիպը։ Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվեց նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը, իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան։

2007 թվականնի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթ II-ը դարձավ բրիտանական առաջին միապետը, որը տոնեց ադամանդե հարսանիքը (60 տարի), և նույն թվականի դեկտեմբերի 20-ին, թագուհին դարձավ պատմության մեջ ամենամեծ բրիտանական միապետը, շրջանցելով տատին՝ Վիկտորիա թագուհուն (1819-1901)։ 2012 թվականի Լոնդոնում անցկացվեցին 30-րդ օլիմպիական խաղերը, որի բացումը կատարեց Եղիսաբեթ II-ը։ Ինչպես նաև փոփոխվեց բրիտանական գահի իրավահաջորդության կարգը, որով տղամարդ թագաժառանգները կորցնում են գերակայությունը կին թագաժառանգների նկատմամբ։

Նույն տարում Մեծ Բրիտանիայում նշվեց թագուհու գահակալման 60-ամյակը, որը տեղի ունեցավ հունիսի 3-4-ը: 2016 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում հանդիսավորությամբ նշվեց թագուհու 90-ամյակը։ Ի պատիվ դրան, Եղիսաբեթ II-ը Twitter-ում ուղերձ հղեց նրանց, ովքեր շնորհավորելէին ծննդյան օրվա կապակցությամբ։

2017 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթ II-ը և նրա ամուսին արքայազն Ֆիլիպը դարձան առաջին թագավորական զույգը, որ տոնեց պլատինե հարսանիքի տարեդարձը (70 տարի)։