կարևոր
2857 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-06 13:07

Նարեկ Մանթաշյան առողջական վիճակը խիստ ծանր է. փաստաբանն ահազանգում է

Նարեկ Մանթաշյան առողջական վիճակը խիստ ծանր է. փաստաբանն ահազանգում է

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին ահազանգում է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչոււբաեւը:

«Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը այսօր հասել է մահացու 27 նիշի: Խնդրի վերաբերյալ պարոն Մանթաշյանը փորձել է տեղյակ պահել իր պաշտպաններին, բայց ԱԱԾ խայտառակ ապօրինության արդյունքով դա եղել է անհնարին, քանի որ ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա: 

Այսօր պաշտպան Տաթևիկ Հակոբյանը որոշել էր հերթական անգամ այցելել Նարեկ Մանթաշյանին, սակայն ՔԿՀ-ում նրան տեղեկացրել էին, որ պարոն Մանթաշյանը հոսպիտալացվել է: Մենք փորձել ենք պարոն Մանթաշյանին գտնել տարբեր ԲԿ-ներում, սակայն՝ ապարդյուն: Եվ միայն րոպեներ առաջ ենք կարողացել գտնել պարոն Մանթաշյանին, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ՔԿՀ: Հայտնում ենք նաև, որ բուժօգնությունից հետո Ն.Մանթաշյանի «շաքարը իջել է» 20, ինչը ևս ծայրահեղ բարձր է: Ն.Մանթաշյանի ինքնազգացողությունը ևս շարունակում էր մնալ ծանր:

Նշված խնդրի հետ կապված հրավիրում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ի և ԶԼՄ-ների ուշադրությունը:
Նարեկ Մանթաշյանի պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Տաթևիկ Հակոբյան»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Մանթաշյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 15-ին: Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը նշել էր, որ դեռևս մեկ տարի առաջ Մանթաշյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել, սակայն դատարանն արձանագրել էր, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Փաստաբանը ասել էր, որ ԱԱԾ վարկածով ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելը որակվել է որպես կողոպուտ։ Կուչաբաևի համոզմամբ սա իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական մոտիվներով հետապնդում է։

Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով։