կարևոր
1645 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-06 12:57

Մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է. Ոսկանյան

Մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը շարունակում է բարձրաձայնել Արցախի բռնազավթած տարածքներում հայկական մշակութային հետքի վերացմանն ուղղված թշնամու վարած բարբարոս քայլերի մասին.

«Բաքվի բռնապետական վարչախմբի մշակույթի նախարարի՝ Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու կամ յուրացնելու գործընթացի մասին անթաքույց հայտարարությունը ևս մեկ ցուցիչ է, որ նաև այս խնդիրը կարող է ամբողջությամբ կարգավորվել միայն մեր սրբազան հողի այդ հատվածների վերաազատագրման միջոցով։

Միամտություն է կարծել, թե միջազգային կամ հայաստանյան ու արցախյան կառույցների կամ առանձին գործիչների հայտարարությունները հետ կպահեն բարբարոսներին հայկական մշակութային հետքը ջնջելու նրանց ծրագրված քաղաքականությունից, որովհետև յուրաքանչյուր հայկական պատմական հուշարձան, պատկերավոր ասած, հայդուկ է, որը կռիվ է տալիս այդ տարածքների հայկական դիմագծի և ինքնության համար՝ ամեն վայրկյան վերահաստատելով դրանց՝ հազարամյակների պատկանելությունը հենց հայկական քաղաքակրթությանը։

Ասվածի վկան և հաստատված նախադեպը Նախիջևանում հայկական մշակութային հետքի գրեթե ամբողջական յուրացումն ու ոչնչացումն է Բաքվի բարբարոս վարչախմբի կողմից՝ չնայած մի շարք հայտարարությունների և բողոքների։

Եվ հետևաբար մեր երազանքը, տեսլականը և նպատակը պետք է լինի մեկը՝ Արցախը հետ բերենք, որ լավ ապրենք, քանզի մնացյալ ամեն ինչ լոկ թույլ մխիթարություն է այն խորապատկերին, երբ մեր դեմ վարվող նաև մշակութային պատերազմում յուրացվում, պղծվում և ոչնչացվում է այն ամենն, ինչ հայկական է»։

Խնդրի մասին հայտարարել է նաև Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցությունում նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ նշելով, որ Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը մշակութային ֆաշիզմ է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Մշակույթի նախարար Անար Քարիմովի՝ փետրվարի 3-ին տված ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով թեմային, նշել է, թե ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պատասխանատու կլինի «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու համար»։ Վերջինս ասել է. «Մենք աշխատանքային խմբի անդամների հետ պատրաստվում ենք ստուգել այդ վայրերը, և ստուգումից հետո կդիտարկենք մեր հետագա քայլերը»։ Չնշելով, թե ովքեր են լինելու աշխատանքային խմբում, նախարար Քարիմովը հայտարարել է, որ խումբը բաղկացած է լինելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձագետներից։

Նկատենք, որ 2020թ. 44 օրյա պատերազմին հաջորդած զինադադարի ստորագրման հաջորդ օրը Ադրբեջանի մշակույթի նախարարը թվիթերում գրառում էր կատարել Քարվաճառի շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանք վանական համալիրի վերաբերյալ՝ անվանելով այն իբր ադրբեջանական «Խուդավանգ» անունով և բնութագրելով որպես «հին կովկասյան Ալբանիայի քաղաքակրթության լավագույն վկայություններից մեկը»։