Freedom House-ը մեծապես մտահոգված է ՀՀ Քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։
«Մեզ մտահոգում է պետական պաշտոնյաների «ծանր վիրավորանքները» քրեականացնող նոր օրենքով Հայաստանի քաղաքացու առաջին դատավճիռը։ Սա ցույց է տալիս ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա և սառեցնող էֆեկտ է ստեղծում Հայաստանում ազատ արտահայտվելու համար»,- նշվում է կազմակերպության թվիթերում:
Մեկ այլ հաղորդագրությամբ Կազմակերպությունը նշում է, որ այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, խորհրդանշում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց և վտանգավոր ազդեցություն է գործում ազատ խոսքի համար։
«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որին կողմ է Հայաստանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին «ծանր վիրավորանքի» գործով առաջին մեղադրական դատավճիռն է կայացվել։ Հանրային տրանսպորտի վատ աշխատանքի պատճառաբանությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և այլ պաշտոնյաներին հայհոյած անձը տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500,000 դրամի չափով:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. նոյեմբերի 5-ին, Փ. Ս.-ին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Դատարանի կողմից կայացված դատավճիռն առաջինն է «ծանր վիրավորանքի» քրեականացմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքում նոր՝ 137.1-րդ հոդվածն ավելացնելուց և այն ուժի մեջ մտնելուց՝ 2021թ. օգոստոսի 30-ից հետո: