կարևոր
1141 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-05 15:01

Երևանի մետրոյի բոլոր կայարաններում Արթուր Գրիգորյանի երաժշտությունն է

Երևանի մետրոյի բոլոր կայարաններում Արթուր Գրիգորյանի երաժշտությունն է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում այսօր հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։

Երեկ երկարատև հիվանդությունից հետո, հիվանդանոցում 63 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից: Հուղարկավորությունը` քաղաքային պանթեոնում:

ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։

Արթոր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին։ Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։

1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։

1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։

2001 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ էր, 2009 թվականից՝ խորհրդատու։ 

Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական պարգևներով և մրցանակներով: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: