կարևոր
2035 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-05 14:33

Իմ կուսակցության պատմությունը թշնամու քմահաճույքին չհանձնվող երիտասարդների պատմություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթը` ներկայացված ՀՅԴ 131-ամյակի պաշտոնական հանդիսության ժամանակ

Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ

Ես այսօր ցանկանում եմ խոսել երազանքներից:

Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քննարկվում է Մարսի բնակեցման ծրագիրը: Ապրում ենք մի աշխարհում, որտեղ դեպի տիեզերք արդեն զբոսաշրջային այցելություններ են կատարվում: Այս բոլորը կարճ ժամանակահատված առաջ անիրականանալի կթվար մեզ։

Սակայն ամեն օր մեր աչքի առջև փաստվում է պարզ ճշմարտությունը` մենք ինքներս ենք որոշում հնարավորի ու անհնարինի սահմանները։

Փաստացի, մենք ապրում ենք անհատների` անգամ ամենաանիրականանալի ու ամբիցիոզ թվացող երազանքների իրականացման ժամանակաշրջանում։ Սակայն միայն անհատները չեն, որ երազանքներ ունեն։ Ազգերը նույնպես երազանքներ ունեն։ 

Հայկական պետությունը երազանք էր Դեր Զորի անապատում գոյության կռիվ տվող մեր նախնիների համար: Արամ Մանուկյանի համար էր երազանք, երազանք էր նաեւ Կարոտ Մկրտչյանի համար, երազանք էր 44-օրյա պատերազմում նահատակված իմ ընկեր Վիգեն Մուրադյանի համար։

Հայկական բանակի գոյությունն անիրականանալի երազանք էր Սումգայիթում և Բաքվում ջարդվող մեր ժողովրդի զավակների համար։ Հեռավոր երազանք էր նաև Արցախ մեկնող առաջին կամավորների համար։

Սակայն երկար մաքառումից, բազմաթիվ զոհողություններից հետո մենք կարողացանք  իրագործել մեր ազգային երազանքի մի մասը՝ ստեղծել մեր պետությունը, ազատագրել մեր հայրենիքի մի հատվածը։

Բայց մեր երազանքների մի մասը մեզնից խլվեց, իսկ մյուս մասը խլելու համար պայքարը  դեռևս շարունակվում է։

Գաղտնիք չէ, որ ազգերի պայքարի հաջողության մասին կարելի է դատել` այդ ազգի երիտասարդությանը հայացք գցելով։

Իսկ ինչպիսի՞ պատկեր է, այս առումով, մեզ մոտ։

Կշեռքի մի նժարին ունենք սեփական տանը վարձակալի հոգեբանությամբ ապրող երիտասարդներ։ Երբ տան մի պատը քանդվում է, այս երիտասարդները պարզապես նախընտրում են տեղափոխվել մեկ այլ սենյակ։ Երբ շենքի հրդեհման վտանգ է առաջանում, հրդեհը կասեցնելու փոխարեն նրանք նախընտրում են տեղափոխվել` մեկ այլ տեղ ապրելու։

Այս երիտասարդներն ունեն երազանքներ, հաճախ ձգտում են փոխել աշխարհը, բայց նրանք անհաղորդ են իրենց իսկ հարևանությամբ ապրող ազգակցի ցավին։ Այն իրենցը չեն համարում։ Այս երիտասարդները հաճախ ներկայանում են լայնախոհության և մարդասիրության դիրքերից, բայց անհանդուրժող են հայրենիք ունենալ ցանկացող և դրա համար պայքարողների հանդեպ։

Սակայն կշեռքի մյուս նժարը դատարկ չէ։ Կշեռքի մյուս նժարին այլ մտածողությամբ հայ երիտասարդներն են։

Այս նժարին աշխարհին հայկական պրիզմայով նայող երիտասարդներն են։ Այստեղ երիտասարդներն են, որոնց անձնական երջանկությունը անքակտելի կերպով շաղախված է հայրենիքի ու հայրենակիցների ճակատագրի հետ։

Այս երիտասարդները նույնպես մեծ երազանքներ ունեն։ Այս երիտասարդները նույնպես ժամանակակից աշխարհի մասն են, այս երիտասարդները նույնպես համամարդկային արժեքների կրողներ են։

Բայց այս երիտասարդները չեն ամաչում սեփական ծագումից։ Մեկ այլ հզոր քաղաքակրթության ներկայացուցչի հանդիպելիս ինքնամոռաց չեն կրկնօրինակում տեսածը, որովհետև ունեն սեփականը։

Տեսակների այս բախումը մեր իրականության մեջ եղել է միշտ։ Սակայն մեր հայրենիքի համար այս ճակատագրական ժամանակահատվածում հենց արժեհամակարգային այս պայքարի ելքն է կանխորոշելու մեր ապագան։

Այսօր հայրենիքում 131-ամյակը նշող իմ  կուսակցության պատմությունը հենց վերոհիշյալ  երիտասարդների պատմությունն  է։

Կուսակցության հիմնումից մինչև պետականության վերականգնում, «Նեմեսիս» գործողության իրագործումից մինչև Ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքար և Արցախյան պատերազմներ՝ իմ կուսակցության պատմությունը չհամակերպվող, ընկնող, բայց ոտքի կանգնել կարողացող, սեփական առաքելությանը հավատացող երիտասարդների պատմություն է։

Իմ կուսակցության պատմությունը թշնամու քմահաճույքին չհանձնվող, հայ ազգի` գործոն, ոչ թե գործիք լինելուն հավատացող երիտասարդների պատմություն է:

Այս կուսակցության պատմությունը հայկական հարցն առանձին Արցախի հարցի, Սյունիքի հարցի կամ մեկ այլ հարցի չբաժանող և այդ հարցի արդար լուծմանը կամավորագրված երիտասարդների պատմություն է:

Այսօր այստեղ ներկա են հայության ազատագրության դատին անգամ կյանքի գնով ծառայելու երդում տված երիտասարդներից շատերը, մեզ այս պահին լսում են Արցախում, Ջավախքում, Սփյուռքում ապրող մեր ընկերները, ու ես առաջին հերթին ցանկանում եմ դիմել իմ` հենց այս ընկերներին: Ասում են` դժվար ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց։ Որևէ մեկի մոտ կասկած չկա, որ հիմա մեր հայրենիքի վերջին երեսունամյակի ամենադժվար ժամանականերն են, ուրեմն երևի հենց մեզնից որոշներին է բաժին հասել այս ժամանակաշրջանի ուժեղ անհատների շարքերը համալրելու ճակատագիրը։

Մեր կուսակցության պատմությունը երազանքի և արժանապատվության համար պայքարի պատմությունն է։

Ուրեմն հիմա, երբ մեզնից գողանում են մեր երազանքը և խլում արժանապատվությունը, եկել է ժամանակը տեր կանգնելու մեր ստացած ժառանգությանը, եկել է մեր հերթը` գործով փաստելու մեր գաղափարների կենսունակությունն ու արդիականությունը։

Բայց այսպիսի գործի համար բավական չեն մի քանիսը, հարկավոր են բոլորը։ Բավարար չէ գաղափարով բոցավառվելը, հարկավոր է նաև մեկ ուրիշին բոցավառել նույն գաղափարով, բավարար չէ անել կարելին, հարկավոր է անել անկարելի թվացողը։

Հետևաբար՝ այս գործում մեր բնական դաշնակիցներն են բոլոր այն անհատներն ու գործիչները, որոնց երազանքը նույնն է։ Ուրեմն,  դիմելով իմ տարեկից մյուս բոլոր հայ երիտասարդներին, ցանկանում եմ միայն ասել, որ մենք՝ դաշնակցականներս, պարզապես ընտրել ենք հայրնիքին ծառայելու մեր միջոցը, ընտրել ենք կառույցը, որտեղ անհատի հնարավորությունները բազմապատկվում են, որտեղ անգամ ամենախենթ գաղափարներն իրականացնելու համար միշտ հայտնվում են գաղափարական ընկերներ։

Դուք էլ կարող եք միանալ մեզ կամ ընտրել այս պայքարի մասնիկը դառնալու սեփական միջոցը։ Բայց մի բան հստակ է` եթե դուք էլ մեզ նման երազում եք հզոր հայրենիք ունենալու մասին և քայլում եք այդ ճանապարհով, մենք անպայման հանդիպելու ենք, որովհետև դեպի փրկություն տանող ճանապարհը մեկն է։

Համոզված, որ մեր ասելիքը դեռ չի սպառվել, հենվելով մեր ուժերի վրա, սակայն աշխարհին բաց նայելով, մեզ երբեք չգերադասելով, բայց ոչ էլ ստորադասելով` Հայաստանակենտրոն մտածողությամբ պիտի կերտենք նոր արշալույս: