կարևոր
1252 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-05 12:59

Հայաստանի և Արցախի մշակույթը ներկայացվել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Հայաստանի և Արցախի մշակույթը ներկայացվել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանն օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում

Չորս հիմնական մասից բաղկացած միջոցառումն այցելուներին է ներկայացրել  Հայաստանում քրիստոնեության ընդունման ու տարածման, հայկական գրերի ստեղծման, հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին դասախոսություններ: Հեռավար դասախոսության միջոցով Թաֆթս համալսարանի դոկտոր Քրիստինա Մարանչին անդրադարձել է Հայաստանում Սուրբ Ծննդյան ավանդույթներին և միջնադարյան հայկական ձեռագրերին, իսկ «Գրիքոր և Կլարա Զոհրապ» տեղեկատվական կենտրոնի տնօրեն, դոկտոր Ջեսի Արլենը խոսել է հայկական Աստվածաշնչի պատմության և հայ գրերի մասին։

Առանձին դահլիճում ցուցադրվել են տեսաֆիլմեր՝ նվիրված Արցախի եկեղեցիներին: Միջոցառումն ուղեկցվել է հայկական շարականներով, երաժշտությամբ, պարային բեմադրություններով Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիների միացյալ HYE երգչախմբի ու Սբ. Աստվածածին եկեղեցու Շնորհալի դպրոցի սաների կատարմամբ:

Հայկական մշակույթին նվիրված այս միջոցառումը որպես նախաբան է ավելի խոշոր մի ծրագրի՝ հայկական ցուցահանդեսին, որը նախատեսված է անցկացնել հաջորդ տարվա մարտին: