կարևոր
3154 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-05 12:31

Արզաքանցյանի կինը պաշտոն է ստացել

Արզաքանցյանի կինը պաշտոն է  ստացել

Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

ՀԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ հայկական սպորտի և դրա զարգացման համար սա շատ կարևոր իրադարձություն է. «Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի հետ բազմիցս զրուցել ենք այս թեմայով: Տիկին Ռոտենբերգը հանդես է եկել մարզաձևի զարգացմանը միտված նախաձեռնությամբ, արդեն ապացուցել է, որ խանդավառ աշխատանքի շնորհիվ կարող է նաև մրցումներ կազմակերպել»:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնը հասարակական, չվճարվող պաշտոն է, բայց դիրք է և երկիրն ու մարզաձևը միջազգային ասպարեզում ներկայացնելու հնարավորություն:

Նատալյա Ռոտենբերգը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն նմանօրինակ հնարավորություն ընձեռելու համար. «Ունեմ հաղթողի ծրագիր, թե մենք ուր ենք գնալու և ինչ նպատակների ենք ձգտելու: Իհարկե, ես միայնակ չեմ կարող արդյունքների հասնել: Ունեմ թե՛ պետության, թե՛ մարզիչների և թե՛ ծնողների ու մարզուհիների աջակցությունը: Ձգտելու ենք թիմային աշխատանքի, քանի որ միայն այդպես է հնարավոր հաջողության հասնել: Ցանկանում եմ՝ այս տարի ավելի լավ արդյունքներ գրանցենք միջազգային հարթակներում: Այդ դեպքում կհասկանանք՝ արդյոք ճի՞շտ ճանապարհով ենք գնում: Արդեն իսկ դրական տեղաշարժ ենք նկատում. մարզուհիներն ավելի մոտիվացված են, ձգտում են չբացակայել մարզումներից, իսկ ծնողները շնորհակալություն են հայտնում՝ ասելով, որ իրենց մոտ հույս եմ արթնացրել»:

Նատալյա Ռոտենբերգը նաև նշել է, որ մտադիր է Հայաստան հրավիրել անվանի մարզուհիների, մասնավորապես՝ օլիմպիական չեմպիոնների, որոնք մարզումներ կանցկացնեն հայ երեխաների հետ:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն էլ նշել է՝ Նատալյա Ռոտենբերգի հետ առաջին իսկ հանդիպումից զգացել է մարզաձևը զարգացնելու նրա անկեղծ մղումներն ու ցանկությունները: Նրա խոսքով՝ Նատալյա Ռոտենբերգին ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը վստահելու թեմայով բազմաթիվ քննարկումներ է ունեցել ոլորտի պատասխանատուների հետ. «Սա միայն իմ որոշումը չէ: Զրուցել եմ մասնագետների հետ ու լսել նրանց տեսակետները: Մեծամասնությունը կողմ է եղել այս նշանակմանը: Կարծում եմ՝ կկարողանանք զարգացնել ու առաջ տանել այս մարզաձևը»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ հույս է հայտնել՝ շուտով հերթական հաղթանակի առթիվ շնորհավորելու առիթներ կունենա:

«Զարգացրե՛ք սպորտն ու ինձ հնարավորությո՛ւն տվեք մեզ ու ձեզ շնորհավորելու հերթական հաղթանակի առթիվ»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը: