կարևոր
1468 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-04 17:58

Հրապարակվել է Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Հրապարակվել է Արցախի «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրապարակել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը: Այն սահմանում է 1991-1994 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

«Բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծը համահեղինակել է ԱԺ 5 խմբակցություն: Օրենքի նախագիծը փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու:

«Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական:

Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- հայտնել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Բաղունցը հղում, անելով Արցախի Հանրապետությայն Սահմանադրության 175-րդ հոդվածին, ասել է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

Օրենքի նախագծով բռնազավթված տարածքներ են համարվում` Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում *-ով, **-ով և ***-ով նշված շրջանները, համայնքները և բնակավայրերը, ինչպես նաև այդ շրջանների տարածքում ընդգրկված հողերը և ջրային ռեսուրսները:

*ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից  1991-1994  թվականների պատերազմական գործողությունների հետևանքով, իսկ **-ով և ***-ով նշված բնակավայրերը բռնազավթված են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով:

Նախագծում նշվում է, որ բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և  տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն, ներառյալ լիցենզիա, թույլտվություն, գրանցում պահանջող գործունեություն և ցանկացած շինարարություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության օրենսդրության խախտմամբ իրականացված տնտեսական ցանկացած գործունեության արդյունքում ստացված եկամուտները, գույքը և միջոցները, ինչպես նաև շինարարության արդյունքում կառուցված շինությունները հանդիսանում են անօրինական ճանապարհով ստացված և առաջացնում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ: