կարևոր
2707 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-04 17:38

Շուշիի հռչակագիրը հստակ դրույթներ է պարունակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. այս անգամ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու

Շուշիի հռչակագիրը հստակ դրույթներ է պարունակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ. այս անգամ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու

Էրդողանի և Ալիևի ստորագրած «Շուշիի հռչակագիրը» մեկը մյուսի հետևից վավերացվեց նախ Ադրբեջանի, ապա՝ Թուրքիայի խորհրդարանների կողմից։

Այսօր Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ «Շուշիի հռչակագիրը»։ Հռչակագիրը նախապես արժանացել էր Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի հավանությանը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել Թուրքիայի մեջլիսի 266 պատգամավոր։ 

Երկու օր առաջ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը վավերացրել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։ Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ կողմերը պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Դա նշանակում է, որ այսուհետ Թուրքիան արդեն պաշտոնապես է լինելու Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, եւ ցանկացած հարձակում Ադրբեջանի վրա հավասարազոր է դառնում Թուրքիայի վրա հարձակման։

Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Պատահական չէր ընտրված այցելության օրը. հունիսի 15-ը տոն է Ադրբեջանում, նշվում է «Ադրբեջանական ժողովրդի Ազգային Փրկության օրը»: 28 տարի առաջ այդ օրը Հեյդար Ալիեւը ընտրվեց Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ու հաստատեց միահեծան իշխանություն:

Շուշիի հռչակագրի հիմքում թուրք-ադրբեջանական ընդհանուր օրակարգն է։ Ալիեւն ասել է, որ Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին: Հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ և հավելել, որ Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա:

Փաստաթուղթը չի շրջանցում նաեւ Հայոց ցեղասպանության թեման՝ այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»:

Հռչակագրի ստորագրման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությամբ հանդես եկավ՝ դատապարտելի և սադրիչ որակելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը։ ԱԳՆ-ն նշում է, որ «դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին։ Այն հստակ մատնանշում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների դաշինքն ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։

Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը վկայում է, որ գոտեպնդվելով Արցախի ժողովրդի դեմ իրականացված համատեղ ագրեսիայի և զանգվածային ոճրագործությունների անպատժելիությունից՝ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Նույնքան մտահոգիչ է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ»։ 

Այսօր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը ոչինչ չունի ասելու հռչակագրի վավերացման գործընթացի հետ կապված։ Ավելին, հետաքրքիր զուգադիպությամբ նույն այս օրերին ԱԳՆ-ն հայտարարում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման մասին, որ սպասվում է Վիեննայում, փետրվարի 24-ին։ Նշվում է նաև,  թե հայ-թուրքական երկխոսությունը «առանց նախապայմանների է», սակայն «Զանգեզուրի միջանցքին» առնչվող կետը հստակ ամրագրված է այն հռչակագրում, որը վավերացրին և՛ Թուրքիան, և՛ Ադրբաջանը: