17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Այսօր փետրվարի 4-ին տեղի է ունեցավ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։
Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:
29-ամյա Համբարձում Մաթևոսյանը 2021 թվականի նոյեմբերին է նշանակվել փոխվարչապետ՝ փոխարինելով Սուրեն Պապիկյանին: Մինչ այդ նա Արմավիրի մարզպետն էր 2018 թվականի հոկտեմբերի 16-ից:
Ծնվել է 1992թ-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում: 2009-2012 թվականներին սովորել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի «Համաշխարհային գիտություններ» բաժնում։ 2012-2015 թվականներին սովորել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանում:
2013-2014 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի «Կերամռեսուրս» ՍՊԸ-ում՝ որպես եվրոպական շուկայի պատասխանատու։ 2013-2015 թվականներին աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում՝ որպես Հայաստանի պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ որպես հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական։
Անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ Խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի Կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրեց՝ ինքն առաջին երաշխավորն է լինելու, որպեսզի Համալսարանի գործունեությունը լինի ապաքաղաքական։
Հիշեցնենք, հունվարի 21-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն էլ նոյեմբերին ընտրվել է նույն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, այն ժամանակ փոխվարչապետ, այժմ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Իսկ ԵՊՀ ռեկտոր ընտրվեց միակ թեկնածու ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: