20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Երկարատև հիվանդությունից հետո, հիվանդանոցում 63 տարեկանում մահացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա փետրվարի 5 -ին՝ ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից: Հուղարկավորությունը` քաղաքային պանթեոնում:
ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։
Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
Արթոր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին։ Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։
1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։
1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։
1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։
2001 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ էր, 2009 թվականից՝ խորհրդատու։
Արթուր Գրիգորյանը պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական պարգևներով և մրցանակներով: 1996թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման:
Անգնահատելի է Արթուր Գրիգորյանի ներդրումը Արցախի մշակութային կյանքի զարգացման գործում։ Նա իր ստեղծագործություններով կերտել և հաջորդ սերունդներին է փոխանցել իր անհավատալի խորը և մեծ սերը դեպի Արցախ։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գտնվելով Արցախում՝ իր ներկայությամբ և կատարումներով կանգնած է եղել հայ զինվորների կողքին, ինչով ոգեշնչել և գոտեպնդել է նրանց՝ բարձրացնելով ազատամարտիկների մարտական ոգին:
Արթուր Գրիգորյանը բոլորի հուշերում կմնա որպես մեծ արվեստագետ, երգարվեստի տաղանդավոր վարպետ, մանկավարժ, հայկական մշակույթի երախտավոր: