կարևոր
1069 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-04 14:45

Արղամանյանը մերժեց Բախշիյանի պաշտպանների երկրորդ միջնորդությունը

Արղամանյանը մերժեց Բախշիյանի պաշտպանների երկրորդ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նա մերժեց ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը: 

Բախշիյանի փաստաբանները երեկ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն են հայտնել` հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։

Այսօր առավոտյան շարունակվող նիստին դատավորը մերժել է այս միջնորդությունը: Պաշտպանները ներկայացրել են երկրորդ միջնորդությունը՝ պահանջելով, որ դատարանը հայտնի ինքնաբացարկ, այս անգամ՝ դատավորի քաղաքականացված լինելու հիմնավորմամբ։  

Դատավոր Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց.

«Աշոտ Մինասյանի վերաբերյալ անգամ ԱԱԾ-ի տեղեկանքը կա: Ընդ որում, երբ նախորդ փուլում այլ դատավոր ազատ արձակեց Աշոտ Մինասյանին, արդարադատության նախարարն անմիջապես կարգապահական վարույթ հարուցեց նրա նկատմամբ: Այսինքն՝ այս գործերը իշխանության հետաքրքրության ոլորտում են, իսկ այդ դեպքում մի հետաքրքիր հանգամանքի վրա պետք է կենտրոնանալ»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով Արղամանյանի քաղաքական հայացքները:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որդին է։ Նախքան դատավոր նշանակվելը Արղամանյան կրտսերը մասնակցել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակցիաներին՝ որպես թմբուկահար։ Եւ աղմկահարույց, քաղաքականապես զգայուն քրեական գործերով կալանավորման միջնորդությունների և ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքի քննությունները մակագրվում են հենց Դավիթ Արղամանյանին, որն էլ կայացնում է որոշումներ, որոնք հաճո են գործող իշխանությունների քիմքին։ Բացի այդ՝ Արղամանյանը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, ինչպես նաև՝ ՏԿԵ նախկին նախարար Սուրեն Պապիկյանի օգնականը։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս պարագայում մտածել, որ գործը պատահական է տրվել Դավիթ Արղամանյանին, միամտություն կլինի։ Անգամ ՄԻԵԴ նախադեպային որոշում կա, որ նման պարագայում դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Երեմ Սարգսյանը հիշեցրեց նաև Դավիթ Արղամանյանի հոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի հետ կապված դեպքը, որն ինքնաբացարկ էր հայտնել որդու քաղաքական հայացքների պատճառով։

Այնուհանդերձ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունները: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունների քննությունը կշարունակվի 16:00-ին: 

Հավելենք, որ ԲԴԽ որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ 

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։