«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հայտնում են, որ չեն լիգիտիմացնում ՀՀ նախագահի ընտրությունը.
«Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով:
Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:
Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով:
Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ:
Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով:
Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:
Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու:
1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր:
2021թ.-ի օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: