կարևոր
1807 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-04 12:16

Այսօր Զապէլ Եսայեանի ծննդյան 144 ամյակն է

Այսօր Զապէլ Եսայեանի ծննդյան 144 ամյակն է

Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը։

Զապել Եսայան

Այսօր հայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զապէլ Եսայեանի ծննդյան 144 ամյակն է։

Զապել Եսայանը միակ կին մտավորականն էր, ում 1915 թվականին երիտթուրքերը ներառել են «ոչնչացման ենթակա» հայ մտավորականների սև ցուցակում... Բայց նրան հաջողվում է փախչել ապաստանելով Բուլղարիայում, ապա Թիֆլիսում:

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականի փետրվարի 4-ին Կ․ Պոլսի Սկյուտար թաղամասում։ Նախ ուսանել է մասնավոր դպրոցում, ապա սովորել ու ավարտել է Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը։ 1892 թվականին մեկ տարի աշակերտել է Արշակ Չոպանյանին։ 1895 թվականի դեկտեմբերին մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցել է Լուսինյանի բառարանի կազմմանը իբրև խմբագիր-սրբագրիչ, ունկնդրել Սորբոնի համալսարանի և Կոլեջ դը Ֆրանսի դասընթացները (գրականության ու փիլիսոփայության ճյուղերը)։ 1900 թվականին Զապելն ամուսնացել է նկարիչ Տիգրան Եսայանի (1874—1921) հետ։

Փարիզում աշխատակցել է հայկական և ֆրանսիական պարբերականների, հայերեն ու ֆրանսերեն լեզուներով գրել է բազմաթիվ հոդվածներ, արձակ քերթվածներ, պատմվածքներ, վիպակներ, կատարել թարգմանություններ։ Ֆրանսիական ու արևմտաեվրոպական, ռուս մշակույթի և գրականության, անտիկ աշխարհի արվեստի քաջ գիտակ, գրական հասարակայնության կողմից ճանաչված ու սիրված Զապել Եսայանը 1902 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և շարունակել ստեղծագործական, գրական-հասարակական բեղմնավոր գործունեությունը։ 1905 թվականին՝ սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո, սկսվում է սոցիալական, ազգային-քաղաքական ճնշման, հալածանքների շրջան, և նա ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը՝ օսմանյան սահմանադրության հռչակումը։ 1905—1907 թվականներին Զ. Եսայանը հրատարակում է «Սկյուտարի վերջալույսներ», «Կեղծ հանճարները», «Հլուները և ըմբոստները» ու «Շնորհքով մարդիկ» վիպակները։

1909 թվականի ապրիլին երիտթուրքերն Ադանայում կազմակերպում են հայերի կոտորած, որին զոհ է գնում շուրջ 30.000 մարդ։ Հայ մտավորականներից, գրողներից ու գործիչներից կազմվում են պատվիրակություններ, որոնք մեկնում են աղետի վայրերը։ Նրանց թվում էր նաև Զապել Եսայանը, ով շուրջ երեք ամիս լինում է Ադանա, Մերսին, Սիս, Օսմանիե և այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատես մարդկանց, գրում հոդվածներ, գեղարվեստական մի շարք գործեր։ Կիլիկիայի հայության մեծ ողբերգությունը, մասնավորապես, նկարագրել է «Ավերակներուն մեջ» գրքում, «Անեծքը» վիպակում, «Նոր հարսը» և «Սաֆիե» պատմվածքներում, որոնք բոլորն էլ հրատարակել է 1911 թվականին։

Զապել Եսայանը 1910 թվականին մեկնել է Փարիզ։ Հոր ծանր հիվանդության պատճառով 1911 թվականին վերադարձել է ծննդավայր, այնտեղ մնացել մինչև 1914 թվականին մայիսը։ Այնուհետև կրկին մեկնել է Փարիզ, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին վերադարձել է Կ. Պոլիս։ 1914 թվականին այստեղ հրատարակվում է արձակագրուհու «Երբ այլևս չեն սիրեր» ժողովածուն։ 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականներից միակ կինը, ում անունը գրված է եղել նախապես կազմված ցուցակում, Զ. Եսայանն է։ Դիպվածով մազապուրծ Հայոց ցեղասպանությունից՝ շուրջ երեք ամիս փախստականի կյանք է վարել, ապա մեկնել է Բուլղարիա, Ռումինիա, իսկ 1915 թվականի վերջին՝ եկել Կովկաս։

Հարավային Կովկասում՝ Բաքվում ու Թիֆլիսում, Զապել Եսայանը լայնորեն շփվել է հայ հասարակայնության հետ, հանդես է եկել արևմտահայ գրողների և գրականության, արևմտահայության նկատմամբ կիրառվող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախոսություններով, գրել է հոդվածներ։ Այսպես, 1916 թվականի փետրվարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում՝ Հովհաննես Թումանյանի նախագահությամբ, դասախոսություն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսո մեջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Բաքվում՝ «Հայ գրասերների ընկերության» հրավերով Հասարակական ժողովարանում՝ Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ, ժամանակակից արևմտահայ գրականության և գրողների մասին:

Այնուհետև Մոսկվայի Հայկական կոմիտեի հրավերով Զ. Եսայանը մեկնում է Պետրոգրադ և Մոսկվա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարվելիք հանգանակության գործը և ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը։

1933 թվականին գրողի տեղափոխությունը Խորհրդային Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երևանի պետական համալսարանից։ Ժամանակաշրջանը համընկավ ստալինյան բռնապետության տարիներին։

1936 թվականին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա և ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքը։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են։

Որոշ տվյալներով, նա մահացել է 1943 թվականին։