ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածության տիրույթները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել դրոշի գործածության տիրույթները՝ լրացումներ կատարելով «ՀՀ դրոշի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային և մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոնի՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:
Նախագիծը ներկայացնելիս՝ Աղվան Վարդանյանն ասաց, որ օրենսդրական այս նախաձեռնության գաղափարն առաջացավ նաև միջազգային փորձի ուսումնասիրությամբ և, հատկապես, հարևան երկրների առկա փորձը տեսնելով.
«Պետական խորհրդանիշներից դրոշն ամենատարածված է։ Հայաստանում գործում է դրոշի մասին օրենք, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները, տիրույթները: Կարծում եմ, որ հատկապես այս իրավիճակում և ժամանակահատվածում պետական խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն ու ընդլայնումը կարևոր է մեր ազգային պետական մտածողության, երիտասարդ սերնդի դաստիարակության համար»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:
«Մենք անդրադառնալու ենք այն առաջարկներին, որոնք սկզբունքային են և պետք է արտացոլվեն կամ լրամշակված տեսքով, կամ այնպես, ինչպես ներկայացվել են նախագծի վերջնական տարբերակում»,-ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: