կարևոր
979 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-04 09:15

Այսօր Պեկինում մեկնարկում է ձմեռային Օլիմպիադան

Այսօր Պեկինում մեկնարկում է ձմեռային Օլիմպիադան

Փետրվարի 4-ից 20-ը Պեկինում կկայանան 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որը կընդունի ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը: Մրցումները կանցկացվեն ինչպես նոր օբյեկտներում, այնպես էլ արդեն գոյություն ունեցող մրցասպարեզներում։ Կօգտագործվեն նաև այն կառույցները, որոնք մնացել են 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերից հետո։

Խաղերին կմասնակցի 91 պետության 2871 մարզիկ: Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու են դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը: Lեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չի մեկնի Պեկին, քանի որ կորոնավիրուսի թեստը դրական է եկել։ Դրական է եղել նաև Հարություն Հարությունյանի մարզչի` Արսեն Ներսիսյանի թեստի պատասխանը։ Հայաստանի պատվիրակության կազմից կբացակայի նաև դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը նույնպես կորոնավիրուսով է վարակվել։

Բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության դրոշակակիրներն են գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը: 

2021 թվականի դեկտեմբերի 22-ին Հոկեյի ազգային լիգան պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի աճի պատճառով լիգայում հանդես եկող խաղացողները չեն մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Ավստրիան, Նոր Զելանդիան, Շվեդիան, Նիդերլանդները և Հնդկաստանը հայտարարել են, որ չեն ուղարկի պետական պաշտոնյաների COVID-19 պանդեմիայի պատճառով։

Ավստրալիան և ԱՄՆ-ն հայտարարել են խաղերի «դիվանագիտական բոյկոտի» մասին, որին միացել են նաև մի շարք այլ երկրներ։ Դա նշանակում էր, որ Պեկին չեն մեկնելու այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները։ Մարզիկների համար արգելք նախատեսված չէր։ Բոյկոտի պատճառը մարդու իրավունքների «աղաղակող» խախտումներ էին Սինցզյան նահանգում մահմեդականների և էթնիկ փոքրամասնությունների վերադաստիարակման ճամբարներում։ 2022 թվականի հունվարի դրությամբ խաղերի դիվանագիտական բոյկոտը հայտարարել էին ԱՄՆ, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Կոսովոն, Լիտվան, Ճապոնիան: 

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ բոյկոտը խախտում է չեզոքությունը սպորտում և հիմնված է ստի ու ասեկոսեների վրա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկին՝ օլիմպիական խաղերի կմեկնի Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ միասին։ Պեկինում կանցկացվեն նաև Պուտինի ոչ վիրտուալ բանակցությունները Սի Ցզիպինի հետ։ 

Լատինական Ամերիկայից ներկա կլինեն Արգենտինայի և Էկվադորի նախագահները: Իսկ միջինասիական պետություններից Պեկին են ժամանել Պակիստանի վարչապետը, Կամբոջայի թագավորն ու Սինգապուրի նախագահը, Մոնղոլիայի վարչապետն ու Թայլանդի արքայադուստրը, արաբական աշխարհից՝ Եգիպտոսի նախագահ Սիսին, Կատարի էմիրը, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ արքայազնները: