կարևոր
1003 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-03 20:47

Պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացրել Արղամանյանին

Պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացրել Արղամանյանին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր քննվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Մինչ գործի նյութերին անցնելը պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Դավիթ Արղամանյանին՝ կապված գործը նրան մակագրելու խնդրի հետ:

Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատավորները գործերին պետք է մակագրվեն պատահականության սկզբունքով, սակայն ակնհայտ է, որ այս գործը հատուկ մակագրվել է Արղամանյանին։

«Մենք ավելի վաղ գիտեինք, որ եթե այս գործը մակագրվի Արղամանյանին, նա կբավարարեր Բախշիյանի հանդեպ կալանքի միջնորդությունը։ Այս գործը ամբողջությամբ բացառիկ է, այսինքն` դատարանը չի կարող ներկայացված փաստերի և իր համոզմունքների հիման վրա որոշում կայացնել։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Բախշիանի որոշումից դժգոհ մարդ չկա բացի պետական շահագրգիռ մարմիններից», - ասաց պաշտպանը։

Պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: 

Մոտ երեք ժամ տևած դատական նիստն ավարտվեց, դատավոր Դավիթ Արղամանյանը հեռացավ քննարկելու իրեն հայտնած ինքնաբացարկը, ինչի մասին որոշումը կհրապարակվի վաղը 10:00-ին։

«Գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում են, բացառապես ուղիղ միջամտություն են իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,- նիստից առաջ հայտարարել է Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը։ Շնորհակալություն հայտնելով թե լրագրողներին, թե գործընկերներին իր գործով լայն լուսաբանում է և լուրջ արձագանքներ ստանալու համար՝ նա նշեց նաև.

«Ես ցանկանում եմ, որ հանրությունն իմանա՝ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով՝ օրենքի ու խղճի առաջ իմ պատասխանատվությունը մեծ է»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը: Նա վստահեցրեց, որ իր գործառույթներն իրականացրել է օրենքին համապատասխան:

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մի քանի տարի հետ է գնացել։

«Բացառիկ իրավիճակ է, թե ինչպես է ժողովրդավարությունը անկում ապրում մեր երկրում։ Ի՞նչ ենք տեսնում։ Դատավորը որոշում է կայացրել, քննիչներն ասում են՝ ապօրինի է, Առաջին ատյանիդատարանն էլ պետք է որոշի՝ օրինական է որոշումը, թե չէ։ Երբ ապացույց չկա, որ խախտումներով է որոշումը կայացվել, զուտ վերացական դատողություններ են», - ասաց նա։ Դատավորի պաշտպանի խոսքով՝ իշխանություններն այսպիսով վրեժ են լուծում արդար դատավորից։

Ավելի վաղ ԲԴԽ որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ 

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։