կարևոր
2554 դիտում, 1 տարի առաջ - 2022-02-03 18:20

Դատարանը քննում է Բորիս Բախշիյանի խափանման միջոցի հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Իրավաբաններ ու դատավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ հավաքվել են դատարանի մոտ՝ իրենց աջակցությունը հայտնելու դատավորին, կանխելու անօրինական որոշման կայացումը: 

«Գործընթացները, որոնք իմ նկատմամբ այժմ իրականացվում են, բացառապես ուղիղ միջամտություն են իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»,- նիստից առաջ հայտարարել է Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը։ Շնորհակալություն հայտնելով թե լրագրողներին, թե գործընկերներին իր գործով լայն լուսաբանում է և լուրջ արձագանքներ ստանալու համար՝ նա նշեց նաև.

«Ես ցանկանում եմ, որ հանրությունն իմանա՝ ես իմ ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես առաջնորդվել եմ իմ սեփական սկզբունքներով՝ օրենքի ու խղճի առաջ իմ պատասխանատվությունը մեծ է»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավորը: Նա վստահեցրեց, որ իր գործառույթներն իրականացրել է օրենքին համապատասխան:

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը մի քանի տարի հետ է գնացել։

«Բացառիկ իրավիճակ է, թե ինչպես է ժողովրդավարությունը անկում ապրում մեր երկրում։ Ի՞նչ ենք տեսնում։ Դատավորը որոշում է կայացրել, քննիչներն ասում են՝ ապօրինի է, Առաջին ատյանիդատարանն էլ պետք է որոշի՝ օրինական է որոշումը, թե չէ։ Երբ ապացույց չկա, որ խախտումներով է որոշումը կայացվել, զուտ վերացական դատողություններ են», - ասաց նա։ Դատավորի պաշտպանի խոսքով՝ իշխանություններն այսպիսով վրեժ են լուծում արդար դատավորից։

Ավելի վաղ ԲԴԽ որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ 

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։