կարևոր
1147 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-03 13:30

Փաստաբանների պալատը հրատապ նիստում որոշում է կայացրել

Փաստաբանների պալատը հրատապ նիստում որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի,  Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, Լիլիթ Ղազանչյանի և Մանե Կարապետյանի, երեկ՝ փետրվարի 2-ին հրատապ նիստ է անցկացրել և քննարկել է  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի քրեական հետապնդման ենթարկելու և լիազորությունները կասեցնելու վերաբերյալ հարցը: Պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել Է հետևյալը.

  • Արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է:
  • Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում և լուծում է Սահմանադրությանը և օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
  • Դատարանը օրենքով լիազորված է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումներ կայացնել:
  • Խափանման միջոց ընտրված կալանքի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

Խորհուրդը ընդգծել է նաև, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման լիազորությունն օրենքով վերապահված է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, ուստի հիշյալ դատական ակտն ակնհայտ ապօրինի լինելու մասին բոլոր դատողությունները սուբյեկտիվ են, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունն այն չի բողոքարկել։

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի գնահատմամբ խիստ մտահոգիչ են դատախազության կողմից չբողոքարկված ակտի ոչ օրինական լինելու հիմքով դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու, նրան ազատությունից զրկելու և լիազորությունները կասեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, որոնք կարելի է դիտարկել ոչ միայն որպես ուղղակի միջամտություն, այլ նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորի անկախության ոտնահարում:

Վերոգրյալով պայմանավորված պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝

-     պետական մարմիններին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց զերծ մնալ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ գործողություններից,

-     դատական իշխանության ներկայացուցիչներին գործել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

-     ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ Սահմանադրությամբ և «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով ապահովել դատարանների և դատավորների անկախությունը»։

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ կասեցվել են դատավոր Բորիս Բաշխիյանի լիազորությունները։ Փետրվարի 1-ին էլ ԲԴԽ-ն բավարարել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները։

Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր ժամը 18:00-ին։ Գործը մակագարված է դատավոր Դավիթ Արղամանյանին:

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է երեկ՝ հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։