կարևոր
1708 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-03 15:45

Սյունիքի դատավորներն իրենց աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին

Սյունիքի դատավորներն իրենց աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա՝ մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ  Սահմանադրությամբ,  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով  և  ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։

Դատավորներ

Նապոլեոն Օհանյան

Անահիտ Թումանյան

Ռոմեն Ահարոնյան

Աշոտ Հովհաննիսյան

Կարապետ Բադալյան

էմին Աբգարյան

Լուսինե Սեփխանյան

Գնել Գասպարյան»։

ԲԴԽ որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր ժամը 18:00-ին։ Գործը մակագարված է դատավոր Դավիթ Արղամանյանին:

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։