կարևոր
937 դիտում, 4 ամիս առաջ - 2022-02-03 14:25

Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին տուգանքների վերացմանն ուղղված նախագծին

Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին տուգանքների վերացմանն ուղղված նախագծին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական պատգամավորների քվեարկությամբ բացասական եզրակացություն տրվեց «Հայաստան» խմբակցության կողմից հեղինակված և խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կարատրելու մասին նախագծին։ Առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած անձանց նկատմամբ։

Պատգամավոր Արամ Վարդևանյանի դիտարկմամբ՝ խնդիր է առաջանում ոչ թե ճանապարհային երթևեկության կանոնների կազմակերպման տեսանկյունից, այլ՝ առաջնայինը հենց իրավական, ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է։

«9 միավոր է տրվում ՀՀ բոլոր վարորդներին, այդ միավորների սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում։ Այս իշխանությունները ՀՀ քաղաքացիներին հստակ խոստում էին տվել առ այն, որ ՀՀ քաղաքացիները «տուգանքի մատերիալ չեն»։ Այս տուգանային համակարգի ներդրմամբ 2021 թվականին միայն 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունք է կասեցվել»,- հայտարարեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ընդունելի մոտեցում չէ, երբ խախտում կատարելու դեպքում տուգանային միավոր է կիրառվում, տուգանքն էլ ֆինանսական միջոցով է կիրառվում։

«Բնավ չեմ պնդում, որ իրավախախտումներ կատարող վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն։ Մոդելը կարող էր այլ կերպ լինել, միայն տուգանային միավորներ կիրառել՝ առանց տուգանքի ֆինանսական բաղադրիչի։ Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել իրավիճակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կամ ՃՏՊ-ների դեպքում՝ մահվան ելքերի տեսանկյունից», - հայտարարեց Վարդևանյանը։

Նախքան քվեարկությունը Արամ Վարդևանյանն ասաց, որ եթե նախագիծը դրական եզրակացություն կամ ԱԺ կողմից կամք չլինի ընդունել, կդիմեն Սահմանադրական դատարան նույն այդ հարցով:

Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին: