կարևոր
1687 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-03 12:14

ԲԴԽ-ԱԱԾ օպերացիա է տեղի ունենում. փաստաբան

ԲԴԽ-ԱԱԾ օպերացիա է տեղի ունենում. փաստաբան

Խիստ հավաստի տվյալներով՝ արդեն 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Դավիթ Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով։ Գրում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Բոլորը հասկացել են, որ մեծ, շատ մեծ ապօրինություն են արել, այս օրերին լսել են տարբեր հմուտ իրավաբանների հրապարակային կարծիքներ ու փորձում են իրենց բացերը փակեն։

Այլ հնար չունենալով՝ ստիպված դիմել են ԱԱԾ գործակալական ցանցի օգնությանը, որպեսզի վերածեն Բախշիյանի դեմ ցուցմունք տվող վկաների։

Նաև Բախշիյանի դատական ակտերից հնարավոր դժգոհների են փնտրում։

Տղերք, ապօրինության սլացող գնացքի պատուհանից մի վայրկյան նայեք ձեր խղճին ու հարցրեք՝ արժի՞ արդյոք (ու՞մ համար և ինչու՞)»,- բարձրաձայնում է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունն էլ բավարարել:

Դատավորների միությունը հայտարարություն է տարածել՝ արձանագրելով, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից հետապնդում է իրականացվում, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց կալանքից։ Դատավորը Նվեր Մկրտչյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը կայացրել է դեկտեմբերի 3-ին, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելունը՝ հունվարի 26-ին, դատավորին անձեռնմխելիությունից զրելու գործընթացը դատախազը սկսել է երեկ՝ հունվարի 31-ին, այսինքն՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելուց շուրջ երկու, իսկ Աշոտ Մինասյանին ազատ արձակելուց՝ 5 օր անց: Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը։