կարևոր
1105 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-03 11:54

Մոտ 1 միլիարդ դրամ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացին. կառավարության որոշում

Մոտ 1 միլիարդ դրամ՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացին. կառավարության որոշում

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 972.173 միլիոն դրամ հատկացնել սահմանադրական բարեփոխումների խորհուրդի ձևավորմանը և վերջինիս գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաև մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը: Գումարը խնայվել է ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրից: Արդարադատության նախարարությունը կիրականացնի համապատասխան հատկացումները:

Գումարի մի մասը նախատեսվում է հատկացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի լրամշակման հիմնավորման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, անձանց՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի և արժանապատվության իրավունքների իրացման և պաշտպանության ապահովումը պահանջում են լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորում: Լրագրողական էթիկայի կանոնների գործնական իրականացումը պահանջում է նաև համապատասխան վերահսկողական գործիքների առկայություն»:

Գումար կհատկացվի նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի և հարակից օրենսդրական  նախագծերի փաթեթի նախապատրաստմանը և Դատավարական օրենսդրության վերանայմանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Եվրոպական միությունից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին դատական-իրավական բարեփոխումների վերանայման և համակարգման աշխատանքների, սահմանադրական բարեփոխումների, փաստաբանության ոլորտի բարեփոխումների, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման, ԶԼՄ-ների օրենսդրության բարեփոխման, Արդարադատության նախարարությանը իրավական խորհրդատվության և դատական ներկայացուցչության ծառայությունների մատուցման, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար գումարների նախատեսումը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին էլ հաստատվել էր սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը, որում ներգրավված են նաև Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը: