Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի մամուլի ծառայությունից։ Դիմող պատգամավորների անունից նախագահի թեկնածուին իրավասու է ներկայացնել ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նշենք, որ ԱԺ պատգամավորները կարող են 4 թեկնածու առաջադրել: Առայժմ ընդդիմությունը չի հայտարարել թեկնածուի առաջադրման մասին:
Առաջին փուլում նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Անհրաժեշտ ձայների թիվը, ներկայիս 107 պատգամավորի դեպքում, կազմում է 80,25 ձայն:
Ըստ Սահմանադրության, եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է նախագահի նոր ընտրություն` նույն փուլերով։
Երկրորդ փուլում արդեն ընտրված է համարվում ձայների երեք հինգերորդը ստացած թեկնածուն։ Երրորդ փուլին արդեն կարող է մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների կեսից ավելին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտնել էր, որ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականն էր: 2019 թ.-ից մինչ նախարար դառնալը գործարար, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչիկ Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ էր:
2021 թ. օգոստոսի 4-ին նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրապարակայնորեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Այսօր երկրի նախագահի լիազորություններն անցել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, մինչ նոր նախագահի ընտրությունները: ՀՀ Սահմանադրության 126-րդ հոդված-ի համաձայն՝ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: