կարևոր
1357 դիտում, 3 ամիս առաջ - 2022-02-02 18:42

Ահարոն Խաչատրյանին ընտրելու բուն գործընթացն անվավեր չի ճանաչվել. փաստաբան

Ահարոն Խաչատրյանին ընտրելու բուն գործընթացն անվավեր չի ճանաչվել. փաստաբան

ՀՀ վարչական դատարանն այսօր հրապարակել է Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանիների հայցով հարուցված գործով վճիռը։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, մասնակի բավարարել է ՔՊ-ական ավագանիների հայցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր հայցով պահանջում էր անվավեր ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստի թիվ 1-ին որոշումը, որը, Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով, արձանագրային էր եւ վերաբերում էր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփմանը, եւ, որպես հետեւանք, անվավեր պետք է ճանաչվեր համայնքի ղեկավարի ընտրությունը: Հարությունը պարզաբանում է, դատարանը մասնակի է բավարարել՝ արձանագրային որոշումն անվավեր է ճանաչել, հետեւանքի մասով՝ մերժել է:

«Մենք այս սցենարը դիտարկել էինք: Սա այն «անշառ դատական ակտն էր, որը դատարանը՝ եղած ազդեցությունների շրջանակներում, կարող էր տալ եւ ասել՝ նորմալ դատական ակտ եմ տվել: Դատարանի վճռի բովանդակությունն անհասկանալի է: Բուն արձանագրային որոշումը, իրավաբանական հետեւանքների տեսանկյունից, էական նշանակություն չունի, քանի որ ուղղակի արձանագրում է ընտրության արդյունքները: Ահարոն Խաչատրյանին ընտրելու բուն գործընթացը անվավեր չի ճանաչվել, չի էլ վիճարկվել: Մենք հիմա ունենք մի դատական ակտ, որով ընդամենը արձանագրային որոշումն է անվավեր ճանաչվել, եւ անհասկանալի է մնում՝ բա բուն ընտրությու՞նը: Նոր ավագանու նիստ տեղի չի ունենալու, մենք այս անհեթեթ դատական ակտը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,-մանրամասնեց փաստաբանը: